Մատչելիության հղումներ

«Զենքը, եթե մարդ կրում է, օրերից մի օր կրակելու է»


Այսօր զենքի մասին օրենքը թույլատրում է ինքնապաշտպանության նպատակով զենք ձեռք բերել 18 տարին լրացած քաղաքացիներին:

Միջին հաշվով ինքնապաշտպանական նպատակով վաճառված զենքերի թիվը տարվա կտրվածքով չի փոխվում: Իսկ զենք ձեռք բերելու համար հարկավոր են փաստաթղթեր ոչ միայն ոստիկանությունից:

Ըստ ՀՀ ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Տիգրան Ամիրյանի, զենք ձեռք բերելու համար քաղաքացին պարտավոր է ներկայացնել սահմանված ձեւի դիմում, բժշկական եզրակացություն եւ երկու լուսանակար: Իսկ որսորդները պարտավոր են ներկայացնել նաեւ որսորդ միության անդամատոմս ու տանը ստեղծել համապատասխան պայմաններ զենքը պահելու համար:

«Տանը նա պետք է ունենա մետաղե պահարան, մեկուսացված այնպիսի տեղ, այնպիսի պայմաններ պետք է ապահովի, որ այլ անձանց կողմից զենքի հասանելիությունը բացառի», - նշում է Ամիրյանը:

Փաստաթղթերը պատրաստելուց հետո քաղաքացուն տրվում է վեց ամիս ժամանակ` մասնագիտացված խանութներից իր նախընտրած զենքը գնելու համար:

Ամիրյանը նշում է, որ քաղաքացին թուլտվության հիման վրա իրավունք ունի ձեռք բերելու անփող հրազեն, գազային ատրճանակ, ազդանշանային զենք, որոնք երկշաբաթյա ժամկետում պետք է գրանցի ոստիկանության համապատասխան մարմնում:

Ամրյանի խոսքով, կան ինքնապաշտպանական միջոցներ, որոնց ձեռք բերման համար թույլտվություն հարկավոր չէ:

«Օրինակ, մեխանիկական փոշեցրիչները, այրոզոլային եւ այլ սարքերը, որոնք լիցքավորված են արցունքաբեր կամ գրգռիչ նյութերով, էլեկտրահարող սարքերը, կայծային պարպիչները, ոչ ավելի քան 7,5 ջոուլ փողային էներգիայով եւ մինչեւ 4,5 տրամաչափով օդացուցիչ զենքերը գրանցման ենթակա չեն», -նշում է Տիգրան Ամիրյանը:

Զենքի վաճառող խանութներից մեկի փոխտնօրեն Վահագն Գրիգորյանի խոսքով, Հայաստանում զենքի վաճառքով զբաղվող լուրջ խանութների թիվը վեցն է, եւ այդ խանութները պատասխանատվություն չեն կրում գնորդների հետագա քայլերի համար:

Հոգեբան Ռուբեն Պողոսյանին մտահոգում է այսօր երիտասարդների մեծ հետաքրքրությունը զենքի հանդեպ:

Պողոսյանը նշում է. - «Հոգեբանությունն ինչպիսին է. եթե մենք այսօր այդ մասին խսում ենք, ուրեմն մենք պաշտպանված չենք»:

Հոգեբանի խոսքով, զենքը մարդուն հաղորդում է չափից ավելի ինքնավստահություն, ոգեւորվածություն: Նա զենքը համեմատում է ագրեսիվ շան հետ. առավել եւս` եթե այն գտնվում է անհավասարակշիռ մարդու ձեռքում: Պողոսյանի խոսքով, զենքի առկայության դեպքում ծագած խնդիրների մեծ մասը լուծվում են զենքի միջամտությամբ, մարդկային լեզուն, խոսքն ու հանգիստ բանակցելը մղվում են հետին պլան:

«Զենքը, եթե մարդ կրում է, օրերից մի օր կրակելու է»,- վստահեցնում է Ռուբեն Պողոսյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:36 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG