Մատչելիության հղումներ

«Իրավական խնդիրները պետք է թողնենք իրավական դաշտում»


Դավիթ Հարությունյան
Դավիթ Հարությունյան
Կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավարի գնահատմամբ, ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու հարցը «քաղաքական առումով քննարկման ենթակա չէ»։

«Դա իրավական հարց է եւ պետք է լուծվի իրավական հարթությունում։ Ես՝ որպես քաղաքականությամբ զբաղվող անձ, դրանով չեմ զբաղվի, չեմ էլ միջնորդի։ Ես համարում եմ անթույլատրելի այդպիսի հարցադրումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր հայտարարեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսության շրջանակներում ձեւավորված կոալիցիոն աշխատանքային խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովը գլխավորող Դավիթ Հարությունյանը։

Ընդդիմադիր ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ուրբաթ օրը Կոնգրեսի հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ մոտակա օրերին Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում Կոնգրեսը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին, հակառակ պարագայում «հարկադրված կլինեն իշխանությունների հետ խոսել այլ լեզվով»։

ՀԱԿ-ի հանրահավաքին զուգահեռ ուրբաթ օրը իշխող Հանրապետական կուսակցությունը խորհրդի նիստ էր հրավիրել։ ՀՀԿ-ի խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ նիստում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին անդրադարձ չի եղել։ Ինչ վերաբերում է երկխոսությունը շարունակելու հարցին, Շարմազանովը հայտարարեց, թե այստեղ անելիքներ ունի ՀԱԿ-ը, ոչ թե իրենք։

Հանրապետականի խոսնակը երկխոսության առկախումը որակեց «քաղաքական դեմարշ»։

«Ես կարծում եմ՝ Կոնգրեսին եւ բոլորին պետք է ձեռնտու լինի, որ շարունակվի երկխոսությունը։ Իսկ այստեղ խնդիրը Կոնգրեսի մեջ է․ Կոնգրեսն է առկախել, Կոնգրեսն էլ պետք է իր մեջ ուժ գտնի եւ չգնա քաղաքական տեխնոլոգիաների ճանապարհով», - ասաց Էդուարդ Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանով
Տիգրան Առաքելյանի կալանավորումը իշխող կուսակցության խոսնակը չի համարում երկխոսությունն առկախելու հիմնավոր պատճառ։

«Եթե այսպես շարունակվի, իմ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ խնդիրը Տիգրան Առաքելյանը չէր։ Պատճառը մի քիչ ավելի խորը բանի մեջ պետք է փնտրենք։ Եթե իրենց տրամաբանությամբ գնանք, իշխանությունը կարող է ասել՝ դուք մինչեւ չքննադատեք երիտասարդին, որը խփել է ոստիկանի քթին, մենք երկխոսության չենք գնա։ Դա մի քիչ ծիծաղելի է», - հայտարարեց Շարմազանովը՝ հավելելով․ - «Իրավական խնդիրները մենք պետք է թողնենք իրավական դաշտում, քաղաքականը՝ քաղաքական դաշտում։ Կարծում եմ, որ ընդդիմությունը շատ լավ գիտակցում է, որ ուլտիմատումների ճանապարհով իշխանությունների հետ խոսելը օգուտ չի տվել»:

Իսկ հանրահավաքների հաճախակիացման եւ ժողովրդական զանգվածների համախմբման միջոցով իշխանություններին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ պարտադրելու մասին` Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության վերաբերյալ Շարմազանովը ասաց. - «Իրենք արդեն 4 տարի է պարտադրում են, բայց, պետք է հասկանան, որ պարտադրանքով ոչ մի բան չի ստացվում: Երաժշտությունը պատվիրում է ոչ թե ընդդիմությունը, այլ իշխանությունը»:

Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Հայոց համազգային շարժում» կուսակցության ղեկավար Արամ Մանուկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց, թե, անկախ երկխոսության շարունակությունից, այս պահին ե'ւ իրենք, ե'ւ հասարակությունը, ե'ւ միջազգային հանրությունը սպասում են իշխանությունների պաշտոնական պատասխանին` համաձա՞յն են արտահերթ ընտրություններ անցկացնելու Կոնգրեսի առաջարկին, թե՞ոչ:

Արամ Մանուկյան

«Իրենց դաշտում է գնդակը: Թող կարծիք ասեն», - շարունակեց նա: - «Տիգրանը, ասենք թե, պատրվակ էր… Ասենք թե, Տիգրանը այսօր թիվ մեկ թեման չէ: Բայց հասարակության մեջ օդում կախված մի հարց կա` իշխանություն ջան, գալի՞ս ես արտահերթ ընտրության»:

«Պաշտոնապես թող հայտարարություն անեն: Կամ ասեն` հարգելի Հայ ազգային կոնգրես, մենք գտնում ենք, որ երկխոսությունը կարելի է շարունակել, եկեք երկխոսելու, մենք այդ օրակարգի հետ կապված ձեզ ասելիքներ ունենք… Այսինքն` կոնստրուկտիվ մոտեցում է այսօր պետք», - նշեց Արամ Մանուկյանը: - «Թող այդ լիազորված հանձնաժողովի ներկայացուցիչը` Դավիթ Հարությունյանը ասի` մեր տեսակետը հետեւյալն է` Հայաստանում արտահերթ ընտրություններ պետք չեն: Վերջ: Թող ասեն… «Այո»-ն էլ է պատասխան, «ոչ»-ն էլ է պատասխան»:

Հարցին, թե բացասական պատասխանի դեպքում ինչ են անելու, Մանուկյանը արձագանքեց. - «Թող ասեն ոչ, մենք մեր անելիքը գիտենք: Մենք ունենք հզոր քանակի ժողովուրդ, ունենք լուծման տարբեր ճանապարհներ եւ այդ լուծումներից որեւէ մեկը կընտրենք»:

Վերջում Արամ Մանուկյանը շեշտեց, որ Տիգրան Առաքելյանին միանշանակորեն քաղբանտարկյալ է համարում:
please wait

No media source currently available

0:00 0:05:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG