Մատչելիության հղումներ

Կործանված զույգ երկնաքերերի փոխարեն` Ազատության աշտարակ


Նյու Յորքում կառուցվող Ազատության աշտարակը
Նյու Յորքում կառուցվող Ազատության աշտարակը

2013 թվականին Նյու Յորքում կավարտվի Մեկ աշխարհի առեւտրի կենտրոնի կառուցումը, որը կդառնա Սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունը վերապրելու խորհրդանիշ:

Նյու Յորքի Ստորին Մանհեթենում Առեւտրի համաշխարհային կենտրոնի հանդիսավոր բացումը 1973 թվականի ապրիլին 4-ին էր:

Նյու Յորքի խորհրդանիշը երկնաքերն է, այդ քաղաք այցելած զբոսաշրջիկը երեկոյան ցավ է զգում ծոծրակի շրջանում, որովհետեւ ամբողջ օր հիացել է վեր խոյացող շենքերով, զարմացել, թե ինչպես է մարդ արարածն այսպիսի բարձր կառույց ստեղծել, եւ մի՞թե չի վախենում ապրել կամ աշխատել այդ շենքերում:

Գլխավոր սիմվոլը ժամանակին Էմփայր Սթեյթ Բիլդինգն էր` 104-հարկանի երբեմնի հսկան, որը վերջին տասնամյակներում կառուցված աներեւակայելի ճարտարապետության երիտասարդ եղբայրների կողքին մի տեսակ խեղճացած, գավառից քաղաք եկած ազգականի տպավորություն է թողնում:

Զույգ աշտարակները ամերիկյան ճարտարագիտական հանճարի վկայությունն էին:

Որքան հնարավոր է շատ մարդ սպանելու եւ նյութական կորուստ հասցնելու նպատակից զատ, «Ալ-Ղաիդա»-ն նաեւ սիմվոլներին էր հարվածում` ֆինանսական-տնտեսական խորհրդանիշ աշտարակներին, ռազմական հզորության խորհրդանիշ Պենտագոնին, նրանք ընտրել էին նաեւ այլ թիրախներ, բայց, բարեբախտաբար, չհասցրին:

Սեպտեմբերի 11-ից հետո առաջարկվել են Ստորին Մանհեթենի վերակառուցման տարբեր նախագծեր: Միայն տարածքն ավերակներից մաքրելու համար 7 ամիս է պահանջվել:

Ստորին Մանհեթենի վարչական խորհուրդն ի վերջո նախապատվությունը տվել է Լեհաստանում ծնված ծագումով հրեա ճարտարապետ Դենիել Լիբեսկինդի նախագծին: Դա Մեկ աշխարհի առեւտրի կենտրոնն է, նախագծի մյուս անունը` Ազատության աշտարակ:

242 հազար քառակուսի մետր տարածքում կտեղավորվեն բազմաթիվ հիմնարկներ, այստեղ կլինի ավտոմեքենաների կայանատեղի, ապակե պատերով հատուկ հարթակներ, որտեղից այցելուները կտեսնեն ամբողջ քաղաքը, շենքի վրա կտեղադրվեն նաեւ հեռարձակող ալեհավաքներ:

105-հարկանի շենքի բարձրությունը կլինի շուրջ 541 մետր, ինչը ամերիկյան չափման համակարգով հավասար է 1776 ոտնաչափի, դա էլ սիմվոլ է` 1776 թվականին է ընդունվել Ամերիկայի Անկախության հռչակագիրը:

Մեկ աշխարհի առեւտրի կենտրոնի կառուցման մոտավոր արժեքը 3 միլիարդ դոլար է: Այդ ծրագիրը ենթադրաբար կիրականացվի 2013 թվականին, իսկ այսօր ավերված շենքերի հիմքի տեղում հուշահամալիր է` քառակուսի ջրավազան, որի սեւ գրանիտե չորս պատերի պարագծով փորագրված են Սեպտեմբեր 11-ի հազարավոր անմեղ զոհերի անունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG