Մատչելիության հղումներ

Ուրմիա լճի խնդիրը` պաշտոնական Թեհրանի եւ ադրբեջանցիների միջեւ լարվածության օջախ


Իրան - Ցամաքող Ուրմիա լիճը
Իրան - Ցամաքող Ուրմիա լիճը

Իրանի հյուսիս-արեւմուտքում` Թուրքիայի, Հայաստանի սահմաններից ոչ հեռու գտնվող Ուրմիա լճի բնապահպանական խնդիրը աստիճանաբար վերածվում է տեղաբնակ ադրբեջանցիների եւ Թեհրանի կենտրոնական կառավարության միջեւ լարվածության լուրջ օջախի:

Օգոստոսի վերջից սկսած` լճի ափին գտնվող նույնանուն Ուրմիա քաղաքում եւ Թավրիզում բողոքի զանգվածային ակցիաներ անցկացվեցին, որոնց մասնակիցները կառավարությանը մեղադրում են լիճը փրկելու համար անհրաժեշտ քայլեր չկատարելու համար:

Տեղի հոգեւոր առաջնորդը եւս հայտարարեց, թե իշխանությունները պետք է արձագանքեն ցուցարարների պահանջներին, նշելով, որ եթե քայլեր չձեռնարկեն, լիճը առաջիկա չորս տարիների ընթացքում կարող է ցամաքել, ինչը կարող է տարածաշրջանի համար բնապահպանական աղետալի հետեւանքներ ունենալ:

Իր մեծությամբ Ուրմիան համարվում է աշխարհի երրորդ խոշոր աղի լիճը: Հինգ հազար քառակուսի կիլոմետր մակերես ունեցող լճի 60 տոկոսը վերջին տարիների ընթացքում ցամաքել է:

Թեհրանի կենտրոնական իշխանությունը հայտարարեց, թե լիճը փրկելու ծրագրեր կան: IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ` սեպտեմբերի սկզբին Իրանի առաջին փոխնախագահ Մահմուդ Ռեզա Ռահիմին ասել է, թե առաջիկա մարտ ամսից Արաքս գետից ջուր կմղվի դեպի լիճը:

Բողոքի ակցիաներ սկսվեցին Բաքվում: Չորս օր առաջ` սեպտեմբերի 8-ին, Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց բողոքի ակցիա անցկացրեցին Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսի մի խումբ ակտիվիստներ: Լիճը փրկելու կոչերից բացի` Բաքվում արդեն հնչեցին նաեւ քաղաքական բնույթի կարգախոսներ, մասնավորապես` հյուսիսային եւ հարավային Ադրբեջանները միավորելու կոչեր: Ակցիայի մասնակիցները պահանջեցին նաեւ ազատ արձակել Իրանում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալված ակտիվիստներին:

Իսկ շաբաթ օրը Իրանում` Թավրիզի եւ Թեհրանի ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ, զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Հանդիպումն անցկացվել է Թավրիզում, հաղթել է Թավրիզի թիմը, խաղից հետո երկրպագուների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` դեռ մինչեւ խաղի սկիզբը ոստիկանությունը սահմանափակել է ադրբեջանցի երկրպագուների մուտքը մարզադաշտ, որովհետեւ տեղեկատվություն ունեին, որ ադրբեջանցիները պատրաստվում են հանդես գալ նաեւ Ուրմիա լիճը փրկելու, ինչպես նաեւ քաղաքական բնույթի կարգախոսներով:

APA լրատվական գործակալության փոխանցմամբ` մարզադաշտի մոտ հավաքված հազարից ավելի տեղացի ադրբեջանցիներ հայտարարել են. - «Թող Ադրբեջանը միասնական լինի, իսկ Թավրիզը լինի մայրաքաղաքը»:

Ոստիկանությունը ուժ է կիրառել չթույլատրված ակցիան ցրելու համար, հաղորդվում է, որ կան վիրավորներ:

Ադրբեջանական լրատվամիջոցը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, գրում է, որ ընդհարում է եղել նաեւ Իրանի ադրբեջանցիների ազատագրական շարժման առաջնորդ Սատարխանի շիրիմի մոտ: Ֆուտբոլային խաղի նախօրեին ադրբեջանցիները ցանկացել են այցելել նրա` Թեհրանում գտնվող գերեզմանին, իշխանությունները չեն թույլատրել, եւ, ըստ հաղորդագրության, գերեզմանատան մուտքի մոտ ադրբեջանցիների եւ ոստիկանության ընդհարում է տեղի ունեցել:

Ըստ հաղորդագրության` ֆուտբոլային հանդիպումից հետո էլ ոստիկանությունը սկսել է ձերբակալել, բերման ենթարկել ադրբեջանցի ակտիվիստներին, իսկ Թավրիզ զինվորական մեքենաներ են մտել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG