Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի սահմանած ժամային նոր գրաֆիկն ու դրան հարմարվողները


Երեւանի քաղաքապետարան
Երեւանի քաղաքապետարան
Մանկապարտեզների, բուհերի եւ դպրոցների ժամային գրաֆիկը փոխելու Երեւանի քաղաքապետի բանավոր հրահանգը դեռ ամիսներ առաջ դժգոհություններ էր առաջացրել մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների մոտ, հետո` աշակերտների եւ ուսանողների:

Քաղաքապետի բանավոր հրահանգը փորձնական կիրառվեց ապրիլի 18-ից մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում: Ժամային փոփոխությունները փորձնական կիրառվեցին ոչ միայն Կենտրոն վարչական շրջանի 20 մանկապարտեզներում, այլեւ մայրաքաղաքի տարբեր ծայրերում գործող մի քանի հանրակրթական դպրոցներում: Ժամային գրաֆիկի այս փոփոխությունը, ըստ քաղաքապետի, նպաստեց տրանսպորտի բեռնաթափմանը, մասնավորապես, մայրաքաղաքի կենտրոնում:

Նախկինից մեկ ժամ շուտ դպրոց կամ մանկապարտեզ գնալու հարցը անհասկանալի է թվում հատկապես մայրաքաղաքի ծարմամասերի բնակիչների համար, որտեղ խցանումներ գրեթե չեն լինում եւ դպրոցի ու մանկապարտեզների ժամային փոփոխությունը խոշոր հաշվով ինքնապատակ է դառնում: Մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներից մեկն, ով բնակվում է մայրաքաղաքի ծայրամասում «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց, որ ավելի լավ կլիներ, եթե քաղաքապետարանը տրանսպորտային պարտադիր երթուղիներ սահմաներ:

«Գուցե մեր քաղաքապետարանը մտածի՞ տրանսպորտային պարտադիր երթուղիներ սահմանելու մասին: Սպասում ես, երթուղայինի մեկը գալիս է կես ժամը մեկ, մյուսը` երկու րոպեն մեկ», - ասաց նա:

Ապրիլին քաղաքապետի բանավոր հրահանգի արդյունքում մանկապարտեզ հաճախող երեխաների մի մասը 8:30-ից մի քանի րոպե անգամ ուշանալու համար կանգնել էր փակ դռների առջեւ: Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանի խոսքով, հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունը, մանկապարտեզում աշխատանքը դայակների համար սկսվում է 8:00-ին, իսկ երեխաները պետք է մանկապարտեզում լինեն 8:30-ից, բայց ըստ Սողոմոնյանի` դա չի նշանակում, որ 8:30-ից ուշ մանկապարտեզ հասած երեխայի առջեւ դուռը կփակվի:

«Երեխաները ըստ անհրաժեշտության կարող են մանկապարտեզ գնալ մինչեւ 10:30-ը: Եվ ուշացման պատճառների մասին պետք է նախապես տեղեկացված լինի նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարը եւ մենք», - նշեց Սողոմոնյանը:

Մանկապարտեզում աշխատանքն արդեն ավարտվում է 17:00-ին` բացառությամբ 32 մանկապարտեզների, որոնց ծնողների դիմումների արդյունքում ստեղծվել են երկարօրյա խմբեր:

Մեկ ժամով ետ է տարվել նաեւ բուհերի ժամային գրաֆիկը: Ուսանողներից շատերն անհանգստացած են, թե ինչո՞ւ պետք է իրենց դասի գնալու ժամը որոշի Երեւանի քաղաքապետարանը` հատկապես, երբ հաշվի չեն առնվում մարզերից Երեւան եկող ուսանողների խնդիրները, ովքեր արդեն նախկինից մեկ ժամ ուշ են տուն վերադառնում, այն էլ այն դեպքում, երբ Երեւանի քաղաքապետի որոշմամբ` մարզերից Երեւան եկող մի շարք երթուղայինների կանգառները մայրաքաղաքի ծայրամասեր են տեղափոխվել: Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանն այժմ չի կարող ասել, թե որքանով էր նպատակահարմար ժամային այս փոփոխությունը:

«Ժամը 9-ին սկսվում է աշխատանքը, 9:30-ին` դասերը: Ինչպիսին կլինի վիճակը, դա կարող ենք միայն դեկտեբերի վերջին ամփոփել: Ես չեմ կարծում, որ պրոբլեմներն այդքան հեշտ կլուծվեն», - նշել է Սիմոնյանը:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ուսանողների մի մասն ասացին, որ կարծում են, թե ժամային գրաֆիկի այս փոփոխությունը կթեթեւացնի տրանսպորտային խցանումները: Մյուսների համար էլ առավել ձեռնտու տարբերակ է նախկինից մեկ ժամ ուշ համալսարան գնալը:

please wait

No media source currently available

0:00 0:06:35 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG