Մատչելիության հղումներ

Ահաբեկչական գրոհի վտանգ Սեպտեմբեր 11-ի տարելիցի օրը


Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգ
Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգ
Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան պաշտոնյաները նախազգուշացնում են. պատկան ծառայություններն ունեն արժանահավատ տեղեկություններ այն մասին, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի սարսափելի ահաբեկչության տասնամյակի օրը` գալիք կիրակի, առկա է նոր գրոհների սպառնալիք:

Սպիտակ տունը հաստատել է, որ նախագահ Բարաք Օբաման ահաբեկիչների հնարավոր դավերը բացահայտող համապատասխան կառույցներին կարգադրել է առավել զգոնությամբ աշխատել այս օրերին:

Նյու Յորքի քաղաքապետ Մայքլ Բլումբերգը անցած գիշեր հրավիրած ասուլիսում հաղորդել է, որ քաղաքում պարեկություն են անելու ոստիկանների լրացուցիչ ստորաբաժանումներ:

«Մոտենում է Սեպտեմբեր 11-ի տարելիցը, Նյու Յորքի ոստիկանությունը, Հետաքննությունների դաշնային բյուրոն ու հետախուզական ամբողջ համակարգը ծառայության ուժեղացված ռեժիմի են անցել, որովհետեւ ահաբեկիչները տասնամյակը կցանկանան օգտագործել որպես նոր գրոհի առիթ», - ասել է քաղաքապետը եւ ավելացրել. - «Հիմա կա վտանգ, ուզում եմ ընդգծել` այս պահին այն հստակ չէ, սակայն մտահոգությունը հիմնավորված է»:

Միացյալ Նահանգների խոշորագույն կենտրոնի` Նյու Յորքի իշխանությունները ձեռնարկել են անվտանգության լրացուցիչ միջոցներ, այդ թվում բեռնատար եւ անձնական մեքենաների ստուգումներ, քաղաքի տրասնպորտի համակարգի հսկողություն, թունելների մուտքերի եւ ելքերի մոտ, ինչպես նաեւ ճանապարհային խոշոր հանգույցներին տեղադրված են շարժական պահակախմբեր:

Նյու Յորքի ոստիկանության հանձնակատար (այդպես է կոչվում քաղաքի ոստիկանության ղեկավարի պաշտոնը) Ռեյմոնդ Քելին հայտնել է, որ Մանհեթենը պաշտպանում է ոստիկանների հատուկ խումբ, որը պատրաստվել է գործել նույնիսկ ծանր զինատեսակների կիրառման պահմաններում:

Հետախուզության համակարգի աշխատողների կարծիքով` ահաբեկիչները կարող են ականված մեքենաներ օգտագործել Վաշինգտոնում կամ Նյու Յորքում պայթյուններ իրականացնելու համար:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ Ղաիդա»-ի ահաբեկիչները առեւանգած ուղեւորատար ինքնաթիռներով պայթեցրին Առեւտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքերերը, Պենտագոնի շենքի մի հատվածը, իսկ առեւանգված օդանավերից մեկն էլ վայր ընկավ Փենսիլվանիայում: Աննախադեպ այս ահաբեկչության հետեւանքով զոհվեց ընդհանուր թվով մոտ 3 հազար մարդ:

Այս տարվա մայիսին ամերիկացի դեսանտայինները ոչնչացրեցին «Ալ-Ղաիդա»-ի հիմնադիր եւ առաջնորդ Ուսամա Բին Լադենին, ով ընդհատակյա պայմաններում ապրում էր Պակիստանում կառուցված առանձնատանը:

Պատերազմը Իրաքում եւ Աֆղանստանում դեռ շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG