Մատչելիության հղումներ

Wikileaks. «Թուրքիան ոչնչացնում է Հայոց հարցին վերաբերող արխիվային փաստաթղթերը»


1915-ին տեղահանված հայկական ընտանիքը սիրիական անապատների ճանապարհին, լուսանկարը` գերմանացի սպա, Հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգների
1915-ին տեղահանված հայկական ընտանիքը սիրիական անապատների ճանապարհին, լուսանկարը` գերմանացի սպա, Հայոց ցեղասպանության ականատես Արմին Վեգների
Տեղեկություններ կան, որ Անկարան ոչնչացնում է Հայոց հարցի վերաբերյալ արխիվային փաստաթղթերը` ըստ Wikileaks-ի, 2004 թվականին Վաշինգտոն ուղարկված հեռագրում գրել է Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոս Դեյվիդ Արնեթը եւ մանրամասնել. - «Թուրք պրոֆեսոր Հալիլ Բերքթայի խոսքով, Անկարան երկու լուրջ փորձ է կատարել ՝ Հայոց հարցում Թուրքիայի մեղավորությունը ապացուցող փաստաթղթերը ոչնչացնելու ուղղությամբ»:

«Առաջին փորձը տեղի է ունեցել 1918 թվականին. այդ մասին, ըստ Բերքթայի ու մի շարք այլ գիտնականների, հուշում են 1919 թվականին Թուրքիայի Ռազմական տրիբունալում տրված ցուցմունքները, որոնց համաձայն` արխիվներից կարեւոր փաստաթղթեր են գողացվել», - գրել է ամերիկացի հյուպատոսն ու շարունակել. - «Մաքրազերծման երկրորդ փորձը, թուրք գիտնականի խոսքով, տեղի է ունեցել 90-ականներին՝ մի խումբ պաշտոնաթող դիվանագետների ու գեներալների կողմից, որոնց առաջնորդել է Լոնդոնում եւ ՆԱՏՕ-ում Թուրքիայի նախկին դեսպան Մուհարեմ Նուրի Բիրգին»:

Ընդ որում, ըստ դիվանագիտական հեռագրի, նույն Բիրգին իր մտերիմներից մեկի հետ զրույցում ցավով խոստովանել է, որ թուրքերն իրականում կոտորել են հայերին:

Մաքրազերծվող արխիվների մասին որոշ տեղեկություններ է փոխանցել նաեւ Թուրքիայում Ամերիկյան հետազոտական ինստիտուտի տնօրեն Թոնի Գրինվուդը: Վերջինս պատմել է, թե երբ ինքը աշխատելիս է եղել արխիվում, մի խումբ պաշտոնաթող զինվորականներ այնտեղ անարգել մուտք գործելու իրավունք են ունեցել ու ամիսներ են ծախսել՝ պատմական փաստաթղթերը հետազոտելու համար:

Հայկական հարցով զբաղվող մեկ այլ թուրք գիտնական էլ պնդել է, թե արխիվները մաքրելու գործընթացը շարունակվում է նաեւ մեր օրերում՝ փաստաթղթերը դասակարգելու պատրվակի տակ:

Դիվանագիտական հեռագրում ԱՄՆ-ի հյուպատոսը նաեւ տեղեկացրել է, որ որոշ հաղորդումների համաձայն` Անկարան արգելում է հայ մասնագետներին ուսումնասիրություններ կատարել սեփական արխիվներում: «Թեեւ նախագահ Օզալի օրոք՝ 80-ականների վերջին - 90-ականների սկզբին, հսկայական տեղաշարժ է արձանագրվել՝ արխիվները հասանելի դարձնելու ուղղությամբ, այդուամենայնիվ, մի շարք քննադատներ պնդում են, թե կառավարությունը շարունակում է խոչընդոտել հայկական հարցը հետազոտող գիտնականներին», - գրել է ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը՝ հավելելով. - «Պաշտոնյաները հայտարարում են, թե փաստաթղթերից շատերը այնքան են վնասվել, որ այլեւս օգտագործման ենթակա չեն»:

«Այս փաստը 2001 թվականին քննադատեց անգամ իր՝ Թուրքիայի հեղինակավոր պատմաբան Հալիլ Ինալչիկը, ով «Ռադիկալ»-ի էջերում հայտարարեց. - «Օսմանյան կայսրության արխիվները պետք է բացվեն աշխարհի առջեւ», - Վաշինգտոն ուղարկված հեռագրում մատնանշել է Ստամբուլում Միացյալ Նահանգների հյուպատոս Դեյվիդ Արնեթը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG