Մատչելիության հղումներ

Բժշկականի ուսանողները բողոքում են անվճար տեղերի կրճատման դեմ


Երեւանի պետական բժշկական համալսարան

Երեւանի Բժշկական համալսարանի ուսանողները ահազանգում են, որ պայմանագրով սահմանված իրենց իրավունքները խախտվել են:

Ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողների պայմանագրում նշված է, որ իրենց ֆակուլտետին հատկացվում է 127 անվճար տեղ: Ըստ պայմանագրի` 2008 թվականին բացի վճարովի հիմունքներով սովորող ուսանողներից՝ ընդհանուր բժշկության ֆակուլտետ են ընդունվում եւ պետք է ավարտեն 127 անվճար հիմունքներով սովորող ուսանողներ: Բայց ներկայումս այդ ֆակուլտետի 30 անվճար տեղերը տրամադրվել են ռազմաբժշկության ֆակուլտետին:

«Պայմանագրի մեջ կետ կա, որ որքան անվճար տեղ եղել է, այդքանն էլ տարեցտարի փոխադրվում է մյուս կուրս: Այդպիսի կետ չկա, որտեղ նշվի, որ ռազմաբժշկության ֆակուլտետը կարող է մեզ հետ կիսվել: Պայմանագրի մեջ կետ կա, որ իրավունք չունեն մեր ֆակուլտետի տեղերը պակասեցնել», - բացատրեցին ուսանողները:

Նրանք պատմեցին, որ իրենց ընդունվելու տարում ռազմաբժշկության ֆակուլտետ չի եղել, եւ հիմա, ըստ երեւույթին, որոշում կա այն վերաբացելու: Ընդհանուր բժշկության ֆակուլտետից ուսանողները կարող են դիմում գրել եւ անցնել ռազմաբժշկության ֆակուլտետ եւ անվճար սովորել այդ 30 տեղերում` անկախ նրանից ինչ առաջադիմություն են ունեցել ընդհանուր բժշկության ֆակուլտետում:

«Ասում են, որ Պաշտպանության նախարարությունն է ֆինանսավորում այդ 30 տեղերը: Մեզ հունիսին ասացին, որ հնարավոր է այդպիսի բան լինի: Մինչեւ օգոստոս, մինչեւ ցուցակները կախելը, մենք չգիտեինք՝ հանելու են այդ անվճար տեղերը, թե` ոչ», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանողներից մեկը:

Տեղերը հանվել են, եւ ֆակուլտետի անվճար սովորող ուսանողներից վերջին 30-ի անունը օգոստոսի 25-ին կախված ցուցակներում հայտնվել է վճարովիների ցանկում:

Բժշկական համալսարանի ուսումնական գծով պրոռեկտոր Սամվել Ավետիսյանը հրաժարվեց այս թեմայի շուրջ որեւէ մեկնաբանություն տալ «Մաքսլիբերթի»-ն: Նա ասաց, որ մինչեւ ամբողջությամբ չպարզի ստեղծված իրավիճակի մանրամասները, մեկնաբանություններ չի տալու:

«Պրոռեկտորը մեզնից ժամանակ խնդրեց, ասաց, որ իրավաբանների խումբ է կազմել եւ զբաղվում են դրանով», - ասաց ուսանողներից մեկը:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում պրոռեկտորն, այնուամենայնիվ, նշեց, որ ոչ մի այլ լուծում չգտնելու դեպքում վարձերը մուծելու համար այս ֆակուլտետի ուսանողներին սեպտեմբերի 15-ի փոխարեն ժամանակ է տրված մինչեւ սեպտեմբերի 30-ը:

«Մենք դիմում ենք գրել նախ եւ առաջ մեր ռեկտորին, բայց քանի որ դեռ ոչինչ պարզ չէ, մեզ գրավոր պատասխան հրաժարվել են տալ: Հետո գրել ենք Կրթության եւ գիտության նախարարություն: Այնտեղից խոստացան երեքշաբթի օրը պատասխանել, բայց մինչեւ հիմա ասում են, որ որոշում չկա: Հաջորդը դիմելու ենք Պաշտպանության նախարարություն եւ վարչապետին», - տեղեկացրեցին ուսանողները:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG