Մատչելիության հղումներ

Իշխանության ներկայացուցչի կարծիքով, ընդդիմադիր ակտիվիստների գործով նախաքննության վերսկսումը «քաղաքական ենթատեքստ չունի»


Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը:

Ընդդիմության հետ երկխոսող իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանի («Բարգավաճ Հայաստան») համոզմամբ, ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննության վերսկսումը կապ չունի ստեղծված քաղաքական իրավիճակի հետ:

«Ես երբեւիցե դա քաղաքական գործընթացների հետ չեմ ուզում կապել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բոստանջյանը: - «Հնարավոր է, որ այդ գործի քննությունը վերսկսելու հետ կապված պարզվի, որ իսկապես էմոցիոնալ պայթյուն է տեղի ունեցել տղաների մոտ, կամ իրականությանը չի համապատասխանում նրանց կողմից կատարվածը: Բայց սա քաղաքական գործընթացների, քաղաքական երեւույթների հետ կապել ես չեմ կարողանում հիմա: Ես չեմ պատկերացնում հիմա, որ դա քաղաքական աստառ, ենթատեքստ ունի»:

Նախաքննական մարմինը երեկ է որոշել վերսկսել օգոստոսի 9-ին Կարապի լճի մոտ ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների մասնակցությամբ միջադեպի հետեւանքով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Ակտիվիստների փաստաբան Վարդուհի Էլբակյանի խոսքով, որոշումներն այս գործով կայացվում են կայծակնային արագությամբ:

Նախաքննությունը, հիշեցնենք, տեւել էր ընդամենը 18 օր, եւ այն փուլում, երբ գործի նյութերը տրամադրվել էին մեղադրյալներին, նրանցից մեկը` Արտակ Կարապետյանը պատրաստակամություն էր հայտնել ցուցմունք տալ: Այսօր Կարապետյանը ներկայացել է ոստիկանություն` հարցաքննության:

Այս քրեական գործի շրջանակում ընդդիմադիր ակտիվիստներից Տիգրան Առաքելյանի նկատմամբ խափանման միջոցը չփոխելը, հիշեցնենք, Կոնգրեսին դրդեց կայացնել քաղաքական որոշում եւ եւ առկախել իր մասնակցությունը իշխանության հետ երկխոսությանը:

Ընդդիմությունը դեռեւս շարունակում է ձեռնպահ մնալ նախաքննության վերսկսման կապակցությամբ քաղաքական գնահատական տալուց:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» հասարակական կազմակերպություն նախագահ Վարդան Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վստահաբար պնդեց, թե նախաքննության վերսկսումը քաղաքական պատճառներ ունի, կապված է նաեւ երկու օրից կայանալիք ընդդիմության հանրահավաքի հետ:

Նախաքննական մարմինը, իրավապաշտպանի ձեւակերպմամբ` «սենսացիոն» որոշումներ է կայացնում ընդդիմադիրների գործով. - «Քրեական գործը 18 օրում քննելը եւ ավարտին հասնելն արդեն Հայաստանի համար սենսացիա է, որովհետեւ, որպես կանոն, Հայաստանում բոլոր քրեական գործերը ձգձգվում են... Ինչ վերաբերում է վերսկսմանը, ես կարծում եմ, որ իշխանությունները իրենց ստեղծած ծուղակում են հայտնվել, եւ հիմա, քաղաքական ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով, փորձում են կամ փորձ են անելու դուրս գալ այդ ծուղակից` վերսկսելով այս քրեական գործին նախաքննությունը»:

Հարցին, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը` վերսկսելով նախաքննությունը, Հարությունյանը պատասխանեց - «Ժամանակ շահել, ձեւ անել, թե փորձում են ինչ-որ կերպ օրինական ձեւով լուծել այս խնդիրը, այս քրեական գործը, եւ ակնկալել ընդդիմության կողմից բարեհաճություն»:
please wait

No media source currently available

0:00 0:03:24 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG