Մատչելիության հղումներ

Երեւանում բացվեց Համահայկական բանկը


Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի
Երեւանում այսօր տեղի է ունեցել Համահայկական բանկի բացումը, որին ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, այլ բարձրաստիճան հյուրեր:

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ բանկի բացումը նշանակալի իրադարձություն է ինչպես Հայաստանի տնտեսության եւ ֆինանսական համակարգի, այնպես էլ` Հայաստան - Սփյուռք համագործակցության խորացման առումով: Բանկը առաջին զարգացման ֆինանսական ինստիտուտն է, որը գործելու է պետական-մասնավոր համագործակցության գաղափարախոսության ներքո: Բանկի նպատակն է ստեղծել արդյունավետ եւ թափանցիկ մեխանիզմներ` հնարավորություն ընձեռելով ողջ հայությանը մասնակցել համահայկական նշանակության բիզնես նախագծերի ֆինանսավորմանը: Բանկը, համագործակցելով տարբեր տեղական եւ միջազգային ֆինանսական կառույցների եւ խոշոր ներդրողների հետ, իրականացնելու է ներդրումներ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող գերակա ոլորտներում: Թեեւ նշված ներդրումային ոլորտները ունեն մեծ բիզնես պոտենցիալ, այսօր դրանք գրավիչ չեն առեւտրային բանկերի համար` իրենց մեծության, ներդրումների երկարաժամկետ բնույթի կամ ոլորտի նորարար եւ այդ պատճառով ռիսկային դիտարկվելու հետեւանքով: Բանկի գործունեության արդյունքում հաջողված նախագծերը նախադեպ կհանդիսանան ֆինանսական ինստիտուտների համար` նոր ներդրումային ոլորտներ մուտք գործելու տեսանկյունից:

Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդագրության համաձայն` Ջավադյանը մատնանշել է, որ Համահայկական բանկը, գործելով առեւտրային սկզբունքների հիման վրա, այնուամենայնիվ չի մրցելու այն ոլորտներում, որտեղ ներկայումս հաջողությամբ գործում են Հայաստանի տարածքում գործող բանկերը, այդ թվում` ավանդների ներգրավման, հաշիվների բացման, ինչպես նաեւ առկա վարկային պրոդուկտների գծով:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Համահայկական բանկի խորհրդի նախագահ եւ գլխավոր գործադիր տնօրեն Վահրամ Ներսիսյանցը արարողության ժամանակ իր խոսքում նշել է, որ Համահայկական բանկը հիմնադրվել է որպես բաց բաժնետիրական ընկերություն: Համահայկական բանկը, ըստ նրա, կնպաստի Հայաստանում հավելյալ տնտեսական աճին եւ կխթանի ապրանքների եւ ծառայությունների արտահանումը:

Նշվել է, որ Համահայկական բանկը, իր ուղղակի վարկային գործունեությունից բացի, կարող է համագործակցել առեւտրային բանկերի հետ` ձեռնարկություններին ներկայացնելով ֆինանսավորման փաթեթներ, որտեղ Համահայկական բանկը կտրամադրի երկարատեւ ֆինանսական ռեսուրսներ, իսկ առեւտրային բանկերը Համահայկական բանկի հետ համատեղ կապահովեն այդ ձեռնարկությունների ավելի կարճաժամկետ, աշխատանքային կապիտալի եւ առեւտրային ֆինանսավորման կողմը:

Համահայկական բանկի գործունեությունը կանոնակարգվելու է Կենտրոնական բանկի կողմից` Հայաստանի օրենսդրությանը համապատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG