Մատչելիության հղումներ

Զինծառայողը զոհվել է «զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից»


Չորեքշաբթի վաղ առավոտյան` ժամը 06:00-ի սահմաններում, արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս հրազենային գնդակային վիրավորում ստանալու հետեւանքով զոհվել է Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Հայկ Վասիլի Մկրտչյանը:

Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության, Հայկ Մկրտչյանը մահացել է համածառայակից, ժամկետային զինծառայող Լենդրուշ Սամվելի Նազլուխանյանի կողմից զենքի հետ վարվելու կանոնների խախտման հետեւանքով արձակված կրակոցներից:

Ըստ նույն հաղորդագրության, փաստի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 373 հոդվածի 3-րդ մասով` «զենքի, ռազմամթերքի, ինչպես նաեւ ռադիոակտիվ նյութերի, պայթուցիկ կամ շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող այլ սարքերի, առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը»: Կատարվում է նախաքննություն:

Օրվա առաջին կեսին Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բանակի խնդիրներին վերաբերող փակ քննարկում, որին մասնակցել են հանձնաժողովի անդամները, Պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանդիպման մասնակիցներից իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նման քննարկման անցկացումը վկայում է, որ հասարակական կազմակերպությունների հնչեցրած ահազանգն ունեցել է իր ազդեցությունը:

«Այս հանդիպումը ցույց տվեց, որ իրապես Պաշտպանության նախարարությունը փորձում է ինչ-որ բան անել, բայց մենք ասացինք, որ դա մեզ չի բավարարում», - փոխանցեց Սաքունցը:

Իրավապաշտպանը չի կարծում, թե այսօրվա հանդիպումը կարող է էական փոփոխություն մտցնել բանակում առկա խնդիրների վերաբերյալ իրենց կամ Պաշտպանության նախարարության դիրքորոշումներում:

Նրա փոխանցմամբ, հակառակ իրենց սպասումների, քննարկման ժամանակ ավելի շատ անդրադարձ է եղել բանակում առկա այլ խնդիրներին, քան մահացության դեպքերին:

«Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների պահվածքը ավելի շատ պահպանողական բնույթ ուներ, ինչ-որ տեղ նաեւ` պաշտպանելու… Եվ, իհարկե, այն միտումը, որ պետք չէ Զինված ուժերի մասին միայն վատը խոսել, ցավոք սրտի, պետք է ասել, որ դա չհաղթահարվեց: Ճիշտ է, դրա մասին բարձրաձայն չէր ներկայացվում, բայց, այնուամենայնիվ, նման միտում, ըստ էության, գոյություն ուներ` չխոսել, միայն լավ խոսել կամ ընդհանրապես ոչինչ չասել», - ասաց Սաքունցը` շարունակելով. - «Բայց մեր պահանջն էլ այն էր, որ բանակը դեռեւս իրապես մնում է գաղտնի: Կա տեղեկատվության գաղտնիության մի ամբողջ շարք, որը թույլ տալիս պաշտպանության գերատեսչությանը լինել հաշվետու, թափանցիկ հասարակության առջեւ»:

Նրա փոխանցմամբ, Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակն ասել է, թե, ի տարբերության նախորդ տարվա, բանակում մահացությունների թվի մասին տեղեկատվությունն այլեւս գաղտնիք չէ: Նախարարարության ներկայացուցիչները նաեւ փաստել են, որ նախորդ տարվա համեմատ, բանակում նվազել են մահացության դեպքերը:

«Մենք չենք հանդուրժում նման մոտեցումը: Ի՞նչ է նշանակում` մահացության դեպքերը նվազել են… Մահացության դեպքեր ընդհանրապես չպետք է լինեն: Այն հարցին, որ դիրքերում մահացության դեպքերի թիվը ավելի քիչ է խաղաղ ծառայության պայմաններում մահացածության դեպքերի թվից, որեւէ մեկը պարզաբանում չկարողացավ տալ», - եզրափակեց Արթուր Սաքունցը:
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG