Մատչելիության հղումներ

Թբիլիսիում կտեղադրվեն «Միմինո»-ի հերոսների արձանները


Կադր «Միմինո» ֆիլմից
Կադր «Միմինո» ֆիլմից
Թբիլիսիում` Հավլաբարի զբոսայգում տեղադրվելու են «Միմինո» ֆիլմի հերոսների` Վալիկո Միզանդարիի, Ռուբիկ Խաչիկյանի, Իվան Վոլոխովի եւ կինոռեժիսոր Գեորգի Դանելիայի արձանները, հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Հայտնի ֆիլմում Ռուբիկի դերակատարը Մհեր Մկրտչյանն է, Վալիկոյի դերակատարը` Վախթանգ Կիկաբիձեն, Վոլոխովին մարմնավորում է Եվգենի Լեոնովը:

Արձանների հեղինակը վրացի հայտնի քանդակագործ եւ նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի նախագահ Զուրաբ Ծերեթելին է:

Արձանները արդեն հասցվել են Թբիլիսի, եւ նախատեսվում է տեղադրումը ավարտել ու բացումը կատարել հոկտեմբերի 14-ին:

Արձանները Ծերեթելին անհատույց նվիրում է Վրաստանի մայրաքաղաքին:

Կիկաբիձեի պրոդյուսեր Սոսո Աբձենիձեն Georgia Online-ին ասել է, որ բացմանը Թբիլիսի կժամանեն քանդակագործ Զուրաբ Ծերեթելին, Մհեր Մկրտչյանի եղբայրը` կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը, դերասանի սանիկը` նույն անուն-ազգանունով ռեժիսոր Մհեր Մկրտչյանը, որը ապրում է Ռուսաստանում, իսկ Թբիլիսիի ֆիլհարմոնիայի դահլիճում նույն օրը համերգ կտա Կիկաբիձեն:

Մոտավորապես երկու ամիս առաջ «Միմինո»-ի հերոսների արձանները տեղադրվել են Հայաստանում` Դիլիջան քաղաքում: Դիլիջան էր ժամանել նաեւ Վրաստանի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված էր եւ Վախթանգ Կիկաբիձեն:

Վրաստանի մշակույթի նախարար Նիկա Ռուրուան Թբիլիսիում լրագրողներին ասել է, թե «Միմինո»-ի հերոսների արձանները մարդկանց անկեղծ բարեկամությունն են խորհրդանշում, եւ որ այդպիսի հուշարձան կտեղադրվի եւ Թբիլիսիում:

Գեորգի Դանելիայի «Միմինո» կատակերգությունը նկարահանվել է 1977 թվականին եւ համարվում է խորհրդային ժամանակների լավագույն կատակերգություններից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG