Մատչելիության հղումներ

Մանվել Բադալյանը քննադատում է քաղծառայողի մրցույթներին միջամտող պաշտոնյաներին


Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյան
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյան
Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը երեքշաբթի օրը կրկին քննադատության ենթարկեց պետական գերատեսչությունների ղեկավարներին, ովքեր, նրա խոսքով, շարունակում են քաղծառայողների մրցույթներին միջամտելու փորձեր անել:

«Վերջերս ունեցել ենք ակնհայտ սուբյեկտիվ, տհաճ դեպք: Դրանք եզակի չեն, ցավոք սրտի, երբ որեւէ նախարարության ներկայացուցիչներ ամեն ջանք գործադրում են ինչ-որ թեկնածուի ամեն կերպ անցկացնելու, որովհետեւ այդպես հանձնարարել է ենթադրենք իրենց նախարարը կամ մարզպետը, եւ մենք շատ նմանատիպ հարցերում լինելու ենք մեր բարձրության վրա», - ասաց Բադալյանը:

Բադալյանը թեեւ անուններ չի հրապարակում, սակայն նշում է, որ զանգեր է ստանում, խնդրանքներ` ընդառաջել այս կամ այն պաշտոնին հավակնող մարդուն հաղթահարել քաղծառայողի մրցույթը: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք պատահում են ճնշում բանեցնելու դեպքեր, Բադալյանը պատասխանեց. - «Ես անկախ մարմնի ղեկավար եմ, իմ պաշտոնն ու իմ դիրքը ցածր չեն կառավարության անդամի դիրքից»:

Քաղծառայության խորհրդի նախագահը մտահոգիչ է համարում քաղծառայողների շրջանում զանգվածային կուսակցականացումը: Այդ երեւույթը, ըստ Բադալյանի, առկա է իշխող կոալիցիայի երեք կուսակցություններին վստահված բոլոր գերատեսչություններում: Նրա կարծիքով` կուսակցական ղեկավարների պահանջներից բացի, հաճախ քաղծառայողներն իրենց նախաձեռնությամբ են անդամագրվում կուսակցությանը` ղեկավարին հաճոյանալու համար:

Այս տարվա 8 ամիսներին անցկացված քաղծառայության 230-ից ավելի մրցույթներից մոտ 40-ում հաղթողներ չեն եղել: Մյուս կողմից էլ շատ են դեպքերը, երբ թափուր տեղի համար անգամ մեկ դիմող չի լինում: Բադալյանն ասում է` քաղծառայողի պաշտոնը գայթակղիչ չէ, եւ պատճառը առաջին հերթին ցածր աշխատավարձն է, իսկ լավ մասնագետներն իրենց թանկ են գնահատում:

«Այն պաշտոնները, որոնք հնարավորություն են տալիս տեսականորեն կողմնակի եկամուտ ունենալ, այդ պաշտոնների մրցույթներում դիմումների քանակը միշտ բավարար է լինում, դրան զուգահեռ, օրինակ, վիճակագրական ծառայության մրցույթ` 0 դիմում, գյուղնախարարության ինչ-որ պաշտոնի մրցույթ` 0 դիմում...», - ասաց Բադալյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG