Մատչելիության հղումներ

«Կողմերը կարող են գոնե մի փոքր հեռացնել նշանառուներին»


Գիեդրիուս Չեկուոլիս
Գիեդրիուս Չեկուոլիս

ԵԱՀԿ-ում նախագահող Լիտվայի ներկայացուցիչ, երկարատեւ հակամարտությունների գծով բանագնաց Գիեդրիուս Չեկուոլիսը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:

«ԵԱՀԿ-ի դիտորդները շփման գծում մոնիտորինգ անցկացնելուց առաջ պարտավոր են նախապես տեղեկացնել երեք կողմերի` Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի պատկան ծառայություններին: Մի՞թե սա մոնիտորինգի արդյունավետ եղանակ է, արդյոք այն չի՞ վկայում ԵԱՀԿ-ի հանդեպ վստահության պակասի մասին», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այդ հարցին` լիտվացի դիվանագետն ասել է, թե իր համոզմամբ` բարի կամքի եւ վստահության խնդիրը հրատապ է ոչ այնքան կողմերի եւ ԵԱՀԿ-ի, որքան հայերի եւ ադրբեջանցիների հարաբերություններում:

«Հայաստան եւ Ադրբեջան կատարած մեր այցերի արդյունքում ստացել ենք մի տպավորություն, որ այնտեղ հասարակությունների միջեւ կա բացահայտ տարաձայնություն, երկու կառավարությունները իրենց հասարակություններին չեն նախապատրաստում բանակցություններով ձեռք բերված խաղաղության հնարավոր տարբերակներին»,- ասել է Չեկուոլիսը:

Նրա համոզմամբ, կողմերը պետք է լարվածությունը թուլացնելու միջոցներ ձեռնարկեն:

«Մեր ներկայացուցիչները, անձամբ ես, ինչպես նաեւ մեր արտգործնախարարը, այցելել ենք տարածաշրջան, բոլորս էլ ընդգծել ենք, որ անհրաժեշտ է գտնել խնդրի լուծման համաձայնեցված քաղաքական տարբերակ, հետաքննել շփման գոտում խախտումների հանգամանքները, ամրապնդել հրադադարի ռեժիմը», - ընդգծել է լիտվացի դիվանագետը:

Չեկուոլիսի փոխանցմամբ` կողմերը կարող են գոնե մի փոքր հեռացնել նշանառուներին, հաստատել թեժ գիծ, որը դյուրին կդարձնի տեղում դաշտային հրամանատարների հաղորդակցությունը:

«Կարող են միմյանց հետ շփում սկսել հարեւան գյուղերում բնակվող եւ իրար ճանաչող տարեցները, ովքեր, ավանդաբար, այդ ժողովուրդների մոտ մեծ հեղինակություն են վայելում: Ապա նրանց կարող են միանալ երիտասարդները: Մի խոսքով, պետք է ինչ-որ բան անել, պարզ քայլեր, որոնք կնպաստեն փոխադարձ վստահության ձեւավորմանը», - ասել է Չեկուոլիսը։

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը մեծ լծակներ ունեն, նրանք կարող են զորքեր տեղաշարժել, կարգադրել նշանառուներին, ենթադրենք, 3-4 ամսով, ապա` կես տարով հեռանալ շփման գոտուց», - նշել է դիվանագետը:

«Մենք ապրում ենք 21-րդ դարում, ակնհայտ է, որ հիմա ռազմական ճանապարհով չեն կարգավորում խնդիրը», - շեշտել է ԵԱՀԿ-ի երկարատեւ հակամարտությունների գծով հատուկ բանագնաց, լիտվացի դիվանագետ Գիեդրիուս Չեկուոլիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG