Մատչելիության հղումներ

Զինծառայող Համբարձումյանի մահվան գործով կասկածյալներ չկան


Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:
Հայաստանի զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Ավելի քան երկու ամիս առաջ բանակում մահացած 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի գործի կապակցությամբ մինչեւ օրս կալանավորված որեւէ անձ չկա, ավելին` չկա անգամ որեւէ կասկածյալ:

Այս տեղեկատվությունը երկուշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց Պաշտպանության նախարարության քննչական վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:

Հիշեցնենք, այս տարվա հունիսի 29-ին 19-ամյա զինվորի դիակը հայտնաբերվել էր զորամասին հարակից անտառում: Դիակը ծնողներին էր հանձնվել փակ դագաղով: Համբարձումյանի մարմնի մի մասը` գլուխը, եղել է հոշոտված:

Զինվորի հայրը` Բենիկ Համբարձումյանը, որդու դին տեսել էր դիահերձարանում, որտեղ ասել են, թե անտառում գայլն է հոշոտել որդու մարմինը: Բենիկ Համբարձումյանի համոզմամբ, սակայն` իր որդուն սպանել են, իսկ ներկայացվածն էլ հորինվածք է ու ապացուցում է, որ գործը կոծկելու մտադրություն կա:

Հիշեցնենք նաեւ, որ այս գործի առթիվ քրեական գործ է հարուցված Քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը», ինչը պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Արմեն Հարությունյանի փոխանցմամբ, «այս պահին» դեռ չկան անձինք, որ ներգրավված լինեն որպես կասկածյալներ:

Ասուլիսին մասնակցող Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ է մտածում այն կապակցությամբ, որ բանակում շարունակվող մահվան ելքերով դեպքերի մեծ մասի կապակցությամբ նշվում է, թե կա´մ ինքնասպանություն է եղել, կա´մ ինքնասպանության են հասցրել, արձագանքեց. -«Քրեական գործ հարուցվում է հիմնավոր կասկածի հիման վրա: Այսինքն` դեպքի անմիջապես պահին կամ դրան հաջորդող: Երբ իրավապահ մարմինները տեսնում են հանցագործության փաստը, համապատասխանաբար գնահատում են այդ պահին, ելակետային սկզբնական հանգամանքները, որոնք հիմք են տալիս` որակելու կամ քրեական գործ հարուցելու այս կամ այն հոդվածով»:

Կոստանյանը շարունակեց, թե հետագայում նախաքննության ընթացքում կարող են ի հայտ գալ նոր փաստեր, եւ մեղադրանքը փոխվի, ու անձը մեղադրվի, օրինակ, սպանության հատկանիշներով:

Օգոստոսի 26-ին հայտնի «Եղնիկներ» զորամասում մահացած 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանի գործի առնչությամբ զինդատախազը նշեց, թե կա մեկ կալանավորված սպա եւ մեկ զինվորի վերաբերյալ էլ արդեն կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան:

Կոստանյանը նշեց, թե գործն առայժմ քննվում է Քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով, որը վերաբերում է «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելուն, որը զուգորդվել է բռնություն գործադրելով», եւ որի համար նախատեսված է կարգապահական գումարտակում պահել` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկում` առավելագույնը երկու տարի ժամկետով:

Զինդատախազը հավելեց, թե երկու օրից պատրաստ կլինեն դատաբժշկական փորձաքննության արդյունքները, եւ եթե պարզվի, որ Աղասի Աբրահամյանը մահացել է հասցված հարվածների հետեւանքով, մեղադրանքը կփոխվի:

Ի դեպ, հիշեցնենք, որ հենց «Եղնիկներ» զորամասում էր անցած տարի տեղի ունեցել աղմկահարույց դեպքը: YouTube-ում հայտնվել էր տեսանյութ, որում պատկերված էր, թե ինչպես է սպան ծեծում ու ծաղրուծանակի ենթարկում զինվորներին:
please wait

No media source currently available

0:00 0:05:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG