Մատչելիության հղումներ

Ալիեւի ամառանոցի շքեղությունը վրդովեցրել է հյուրերին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւ

Բարձրաստիճան հյուրերին կանչելով Մարդականի ամառանոց` տեր եւ տիկին Ալիեւները նպատակ ունեին նրանց հիացնել եւ զարմացնել այդ արքայական պայմաններով։

2007 թվականի հունիսի 17-19-ը Բաքվում գումարվել է ՎՈւԱՄ-ի գագաթնաժողովը, որին մասնակցել են Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի ղեկավարները, ինչպես նաեւ դիտորդի կարգավիճակով հրավիրված Բուլղարիայի փոխնախագահը, Էստոնիայի եւ Լատվիայի ներկայացուցիչները, ԱՄՆ-ի փոխպետքարտուղար Դեյվիդ Քրամերը։

«Վիքիլիքս»-ի օրերս գաղտնազերծած մի գրառման համաձայն, որը Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանատունը պետդեպարտամենտ է ուղարկել 2007 թվականի հունիսի 29-ին, բարձրաստիճան հյուրերին հրավիրել են Բաքվի հյուսիսային արվարձան Մարդականում գտնվող Իլհամ Ալիեւի կառավարական ամառանոցը։

Այն կառուցվել է 1981 թվականին դեռ Հեյդար Ալիեւի օրոք եւ հիմնովին վերանորոգվել է 2007 թվականին։

«Վիքիլիքս»-ը փոխանցել է Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսի եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերով տեղակալ Դեյվիդ Քրեմերի տպավորությունները։

Ընդունելությունից հետո երկուսն էլ` բավական շփոթված, մեկմեկու խոստովանել են, որ ահավոր ընկճվել են առանձնատան աներեւակայելի շքեղությունից, կահավորանքի ցուցադրական ճոխությունից, 4 ժամ տեւած հյուրասիրության ընթացքում մատուցված ընտիր ուտեստներից, խավիարի եւ թանկ խմիչքների առատությունից, տանտիրոջ ինքնագոհ կեցվածքից եւ ցոփ ու շվայտ ապրելակերպից։

«Ինձ պարզապես կվռնդեին նստավայրից, եթե ես այսպիսի բան ունենայի Վիլնյուսում», - Քրամերի ականջին շշնջացել է զարմացած Ադամկուսը։

Հյուրերը պարզել են, որ ամառանոցում կա ստորգետնյա մի քանի սաունա, մի հսկայական լողավազան ներսում, մեկ ուրիշը` դրսում, սենյակներում կան շատրվաններ։

Այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ բարձրաստիճան հյուրերին կանչելով Մարդականի ամառանոց` տեր եւ տիկին Ալիեւները նպատակ ունեին նրանց հիացնել եւ զարմացնել այդ արքայական պայմաններով։


Դեսպանատան կազմած գրառման մեջ կա ուշագրավ մի պարբերություն, որն արտահայտել է հրավիրվածների ամենավառ տպավորությունը` «Նախագահ Իլհամ Ալիեւի անձնական կեցավայրի եւ Բաքվի շարքային բնակիչների սոցիալ-տնտեսական կացության միջեւ կա հսկայական անջրպետ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG