Մատչելիության հղումներ

Ազնավուրը երկու օրից կսկսի իր հերթական համերգաշրջանը


Շվեյցարիա - Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ժամանակ, արխիվային լուսանկար
Շվեյցարիա - Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը Ժնեւում ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի ժամանակ, արխիվային լուսանկար
Երկու օրից ֆրանսիական էստրադայի լեգենդ Շառլ Ազնավուրը Փարիզի ամենահեղինակավոր համերգասրահներից մեկի` «Օլիմպիա» թատրոնի բեմից կսկսի իր հերթական մեկամսյա համերգաշրջանը: «Ու թեեւ նա գրեթե 87 տարեկան է, այդուամենայնիվ, չկարծեք, թե թողնում է բեմը», - հաղորդում է «Ֆրանսպրես»-ը:

«Ես երբեք, երբեք չեմ օգտագործել հրաժեշտ բառը, ես ասել եմ ընդամենը, որ սա իմ վերջին շրջագայություններից մեկն է», - գործակալության հետ զրույցում շեշտել է լեգենդար շանսոնյեն` միաժամանակ հակադարձելով. - «Երբ ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն ներկայացնում է իր վերջին ֆիլմը, որեւէ մեկը չի ասում, թե նա նորը չի նկարահանելու»:

Գրեթե հազար երգերի հեղինակը երկու օր անց կվերադառնա այն բեմը, որտեղից 55 տարի առաջ սկսել է իր փայլուն կարիերան` փաստում է «Ֆրանսպրես»-ը եւ հավելում. - «Մի շարք աշխարհահռչակ հիթերի հեղինակը նշում է, որ նոր հյուրախաղերը սկսում է առանց ավելորդ նյարդայնության, բայց` մի փոքր անհանգստությամբ»:

«Ես, որպես կանոն, լարվում եմ սկզբում, երբ հանդիսատեսը դեռեւս դահլիճ եկած չի լինում, սակայն այն պահից, երբ գալիս են ինձ տեսնելու` այդ լարվածությունն անցնում է», - ասել է Ազնավուրն ու միաժամանակ խոստովանել. - «Մյուս կողմից, մի քիչ լարվում եմ, երբ սկսում եմ մտածել` արդյո՞ք ճիշտ է ընտրված երգացանկը, արդյո՞ք ճիշտ էի, երբ որոշեցի սկսել այս շրջագայությունը»:

«Անկեղծությունը հանդիսատեսի հետ ամենալավ բանն է», - ասել է Ազնավուրը` հավելելով, թե որեւէ խնդիր չունի. - «Երբ զգամ, որ պետք է նստեմ` կնստեմ, երբ զգամ, որ պետք է կանգնած երգել` կկանգնեմ»:

«Սա չի նշանակում, թե անօգնական եմ այլեւս, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաեւ իմ տարիքը», - նկատել է Ազնավուրն ու խոստովանել. - «Հիշողությունս գնալով վատանում է, այնպես որ, ես ուզում եմ հանդիսատեսին ասել ճշմարտությունը` ինչ-որ մի պահի հավանաբար կսկսեմ հուշարար էկրան օգտագործել»:

Համերգաշրջանից առաջ 87-ամյա երգիչը ընթերցողի սեղանին դրեց եւս մեկ գիրք` «Մի դռնից մյուսը» հուշերի ու մտորումների ժողովածուն, ինչպես նաեւ նոր երգերի ժողովածուն` «Միշտ»-ը:

«Ինձ հաճախ հարցնում են` ինչ եմ մտածում կանանց մասին, երբ գրում եմ, եւ ես պատասխանում եմ` նախ եւ առաջ մտածում եմ գեղեցկության մասին, իսկ բառերը գալիս են իրենք իրենց», - ասել է Ազնավուրը:

Այս նոր համազգային համերգաշրջանում Ազնավուրը պատրաստվում է ներկայացնել մի շարք նոր երգեր, ինչպես նաեւ բոլոր ժամանակներում սիրված մի շարք հիթեր:

Կլինեն նորություններ` ասել է Ազնավուրն ու մանրամասնել. - «Ես նոր երաժիշտ ունեմ, որը դուդուկ է նվագում, ես պատրաստվում եմ մի երգ երգել, որը ձայնագրվել է դուդուկի հետ, բայց որը երբեք հնարավորություն չեմ ունեցել ներկայացնել բեմում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG