Մատչելիության հղումներ

Զինվորի սպանության գործով կալանավորվել է մեկ սպա


«Եղնիկներ» զորամասում զինծառայողի մահվան գործով կալանավորվել է մեկ սպա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից։

Սպային, ում անունը չի հաղորդվում, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը»։

«Եղնիկներ» կոչվող զորամասի 18-ամյա զինծառայող Աղասի Աբրահամյանը մահացել է անցած ուրբաթ օրը: Ըստ պաշտոնական տեղեկատվության` նա անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Հարազատներին զինվորի մահվան լուրը հայտնելիս սկզբում ասել էին, թե նա թունավորվել է, ապա տեղափոխվել է հիվանդանոց, վայր է ընկել անկողնուց ու մահացել: Ծնողները պնդում են, որ իրենց որդուն սպանել են:

Հայաստանի զինդատախազ Գեւորգ Կոստանյանը նախօրեին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել էր, որ զինվորի մահվան դատաբժշկական փորձաքննության վերջնական պատասխանը դեռեւս չի ստացվել, սակայն այս պահին էլ հայտնի է, որ Աղասի Աբրահամյանը ոչ թե թունավորումից է մահացել, այլ գանգուղեղին ստացած մարմնական վնասվածքներից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG