Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղը նշում է անկախության հռչակման 20-րդ տարեդարձը


ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ԼՂ-ի անկախության հռչակման տոնակատարության ժամանակ, 2-ը սեպտեմբերի, 2011
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ԼՂ-ի անկախության հռչակման տոնակատարության ժամանակ, 2-ը սեպտեմբերի, 2011
Լեռնային Ղարաբաղում այսօր նշում են հանրապետության հռչակման 20-ամյակը: Հոբելյանական արարողություններին մասնակցելու համար հինգշաբթի օրը Ստեփանակերտ էր մեկնել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Ղարաբաղում են նաեւ մի շարք գործող եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի նախկին նախագահները:

Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն որերորդ տարին է լրագրողների հետ զրույցում հրաժարվում է շնորհավորել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին անկախության հռչակման օրվա կապակցությամբ: Սակայն Լեռնային Ղարաբաղի մյուս նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, շնորհավորելով տոնի կապակցությամբ, հույս հայտնեց, որ 20 տարի հետո Լեռնային Ղարաբաղը կլինի դե յուրե անկախ պետություն` զարգացած եւ բարգավաճ: ԼՂ-ի նախկին նախագահի կարծիքով` եթե աշխարհը պետք է ճանաչի այս կամ այն երկրի անկախությունը, այդ շարքում առաջին հերթին պետք է լինի Ղարաբաղը:

«Որովհետեւ Ղարաբաղը ունի ե'ւ բարոյական, ե'ւ պատմական, ե'ւ իրավական հիմքեր, որ աշխարհը ճանաչի այդ անկախությունը», - ասաց Արկադի Ղուկասյանը:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, թվարկելով Լեռնային Ղարաբաղի վերջին 20 տարիների ձեռքբերումները, նշեց. - «Արցախում գրեթե բացակայում է տարբերությունը, անջրպետը իշխանավորների եւ ժողովրդի միջեւ, եւ դա որպես օրինակելի հասարակության կերպար կարելի է ընդունել եւ նաեւ Հայաստանի Հանրապետության մյուս տարածքներում զարգացնել»:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհուրդների համատեղ նստաշրջանը ընդունեց հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին: Հետագա տարիների ընթացքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեցին երկու տասնյակից ավելի նոր պետություններ, սակայն այդ ցուցակում Լեռնային Ղարաբաղը այդպես էլ իր տեղը չգտավ: Այդ հանգամանքը, սակայն, ոչ մի կերպ չանդրադարձավ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշման վրա: ԼՂ-ում ոչ մեկը չի պատկերացնում իր գոյության հնարավորությունը Ադրբեջանի կազմում:

«Բավական է միայն, որ մեր աղջիկները, մեր թոռները, մեր ծոռները ազատ կերպով աջ եւ ձախ են շարժվում: Էն ժամանակ մենք անկախ չենք եղել, եւ մեզ տանջել են ամեն ձեւով: Այսօր, չնայած դժվարություններին, բայց ազատ կերպով քաղաքում ման ենք գալիս», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մի տարեց ղարաբաղցի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG