Մատչելիության հղումներ

Պարենային ապրանքների էական գնաճ` անցած տարվա համեմատ


Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է 2011 թվականի հունվար-օգոստոս ամիսների սպառողական գների ինդեքսը:

Ըստ այդմ, 2011-ի օգոստոսին հուլիսի համեմատ գրանցվել է 0.6 տոկոսի գնանկում, այդ թվում` պարենային ապրանքների գները, ներառյալ ոգելից խմիչքինն ու ծխախոտինը, նվազել են 1 տոկոսով, ոչ պարենային ապրանքներինը` 0.1 տոկոսով, ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագնի 0.1 տոկոսի հավելաճ:

Այդուհանդերձ, այս տարվա օգոստոսին անցած 2010 թվականի օգոստոսի համեմատ սպառողական գները շարունակել են աճել: Նշված ժամանակահատվածում գնաճը կազմել է 4.8 տոկոս, այդ թվում` պարենային ապրանքների գները աճել են 6, ոչ պարենայինինը` 3, ծառայությունների գները՝ 2.1 տոկոսով:

Այսօր ԱՎԾ-ի Գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը լրագրողներին ներկայացրեց մի քանի հավելյալ տվյալներ, որոնք առանձին ապրանքախմբերի գծով ամբողջացնում են անցած մեկ տարվա ընթացքում, այսինքն 2010-ի օգոստոսի համեմատ 2011-ի օգոստոսին գրանցված պատկերը: Պարենային որոշ ապրանքատեսակների գնաճն այս առումով չափազանց էական է:

Ինչպես տեղեկացրեց Մարտիրոսյանը, օրինակ, շաքարավազի գները աճել են 21.2 տոկոսով, կենդանական եւ բուսական յուղի գները` 21.9, ձվի գինը` 46.4, կաթնամթերքի գները` 21.8, մսամթերքինը` 12.9, հացամթերքինը` 8.4, սուրճի, թեյի, կակաոյի գները` 13.8 տոկոսով:

Սակայն, որոշ ապրանքատեսակների գծով նույն ժամանակահատվածում արձանագրվել է նաեւ գնանկում:

«Գնանկում է արձանագրվել երեք ապրանքային խմբում` մրգի գծով 5.5 տոկոս, բանջարեղենի, կարտոֆիլի գծով` 25.7 տոկոս եւ այլ մթերքների գծով` 0.5 տոկոս», - ասաց Մարտիրոսյանը:

Ի դեպ, Մարտիրոսյանը նշեց, որ օգոստոսի վերջին շաքարավազի գների շուրջ 20 տոկոսի բարձրացումը ԱՎԾ-ի վերջին հաշվետվության մեջ ներկայացված չէ, քանի որ ուսումնասիրությունները կատարվել են դրա գրանցումից օրեր առաջ:

Անցած մարտ ամսին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ տեղի ունեցած մի խորհրդակցության ժամանակ վերջինս տնտեսական ոլորտը համակարգող մի շարք պաշտոնյաների հանձնարարել էր ձեռք առնել անհրաժեշտ միջոցներ` շարունակվող գնաճը կանխելու եւ անգամ` գնանկում արձանագրելու ուղղությամբ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե օգոստոսին անցած հուլիսի համեմատ գրանցված սպառողական գների թեկուզեւ ոչ էական` 0.6 տոկոսի գնանկումը կարելի՞ է դիտարկել իբրեւ նախագահի հանձնարարականի կատարում, Գուրգեն Մարտիրոսյանը պատասխանեց, թե ձեռնպահ կմնար մեկնաբանություններից, քանի որ իր ներկայացրած կառույցն ընդամենը փաստագրում է իրականությունը:

«168 ժամ» թերթի տնտեսական մեկնաբան Բաբկեն Թունյանը «Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ոչ լիարժեք համարեց ԱՎԾ-ի կողմից ներկայացված տվյալները:

«Իրենք նշում են օգոստոսի գնաճը, բայց օգոստոսի շատ զարգացումներ տեղ չենք գտել, օրինակ, շաքարավազի թանկացումը: Բացի այդ, ամիսը նախորդ ամսվա հետ համեմատելը պատկերը լավ չի արտացոլում, ավելի էական է գնաճի 12-ամսյա ցուցանիշը, որը կազմել է 4.8 տոկոս», - ասաց Թունյանը:

Նախորդ ամսվա համեմատ 0.6 տոկոսի գնանկումը, ըստ Թունյանի, ամենեւին չի անդրադառնա մարդկանց սոցիալական վիճակի վրա:

«Պարենային ապրանքների գների ինդեքս, որը 7.5 տոկոս է կազմում` սա առաջին անհրաժեշտության ապրանքներին է, սա ավելի շատ է թանկացել, ինչը նշանակում է, որ խոցելի խմբերի համար գնաճը ավելի էական է եղել», - շեշտեց Թունյանը:

Կառավարության կանխատեսմամբ` այս տարի գնաճի ցուցանիշը կարող է կազմել առավելագույն 5.5 տոկոս: Կենտրոնական բանկի նախագահը, սակայն, հայտարարել էր, թե «ամեն ինչ կանեն` գնաճը 5.5 տոկոսից ավելի ցածր մակարդակի վրա պահելու համար»:
please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG