Մատչելիության հղումներ

«Ապամոնտաժված կրպակները օրինական են եղել»


Կրպակատերերը բողոքի ցույց են անցկացնում Նախագահի նստավայրի մոտ: 16-ը օգոստոսի, 2011թ.
Կրպակատերերը բողոքի ցույց են անցկացնում Նախագահի նստավայրի մոտ: 16-ը օգոստոսի, 2011թ.
Երեւանում բազմաթիվ կրպակների ապամոնտաժման մասին քաղաքապետ Կարեն Կարապետյանի բանավոր հանձնարարականը հակասում է ոչ միայն Սահմանադրության 8-րդ եւ 31-րդ հոդվածներին, այլեւ Կառավարության երկու որոշումներին եւ դրանց հիման վրա նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի կայացրած որոշումը:

Հինգշաբթի օրը կրպակատերերի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկմանը նման համոզմունք հայտնեց Հայաստանի Փաստաբանների պալատի անդամ Տիգրան Հայրապետյանը:

Պարզվում է, որ կա եւ գործում է նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի` 2006 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 2005-Ա որոշումը, որը կայացվել է Կառավարության 2005 թվականի նոյեմբերի 24-ի թիվ 2093-Ն եւ 2006 թվականի ապրիլի 24-ի թիվ 844-Ն որոշումների հիման վրա:

Նախկին քաղաքապետի այդ որոշման մեջ կարդում ենք. - «Այն վարձակալության պայմանագրերը, որոնց ժամկետը լրացել է, սակայն վարձակալները չեն դիմել պայմանագրի ժամկետը երկարացնելու խնդրանքով, իսկ ժամկետը լրանալու կապակցությամբ վարձատուն չի դադարեցրել վարձակալի իրավունքը` օրենքով սահմանված կարգով, այդ պայմանագրերը համարվում են անորոշ ժամկետով կնքված պայմանագրեր, բայց ոչ ավելի, քան մինչեւ 2015թ. դեկտեմբերի 31-ը»:

Ավելին` նույն որոշումով Երեւանի համայնքների ղեկավարներին հանձնարարվում է «շարունակել վարձավճարների հավաքագրումը [կրպակատերերից] մինչեւ սահմանված կարգով վարձակալության պայմանագրի լուծումը»:

Մինչեւ կրպակների ապամոնտաժումը, հիշեցնենք, նշված վարձավճարները շարունակվում էին գանձվել կանոնավոր կերպով:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը ընդգծեց` Երեւանի նախկին քաղաքապետի այդ որոշումը պահանջում է, որ կրպակատերերի պայմանագրերը օրենքով սահմանված կարգով` դատարանի միջոցով լուծարվեն, ինչը չի արվել քաղաքապետարանի կողմից: Ուստի Կառավարության ու Երեւանի նախկին քաղաքապետի` այսօր էլ գործող որոշումների համաձայն, այն կրպակները, որոնք ապամոնտաժվել են, եղել են օրինական. - «Հավանաբար հենց այս խնդիրը նկատի ունենալով` այլ լուծում չի գտնվել Երեւանի քաղաքապետարանում, քան բանավոր հանձնարարականը շրջանառության մեջ դնելը: Ըստ էության, Կառավարության որոշումը գործում է: Նշանակում է, որ կրպակատերերի իրավունքները շատ ավելի ամուր են, այսինքն` բոլորն ունեն պայմանագրեր, եւ պետք է առանձին ամեն մեկի դեպքով քաղաքապետարանը դիմի դատարան` վարձակալության պայմանագիրը լուծելու պահանջով»:

Հարցի առնչությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը` նշելով, որ Երեւանի քաղաքապետարանի եւ ոստիկանության գործողությունները` կրպակների ապամոնտաժման ժամանակ, իրավաչափ չէին, իսկ գործընթացն ուղեկցվել է քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումներով:

Քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպես արձագանքեց վերը նշվածին. - «Որեւէ օրենքի խախտում այս գործընթացում չկա: Մենք հայտարարում ենք` եթե կա օրինական հիմքեր ունեցող որեւէ կրպակատեր, ապա ես կարծում եմ, մեզանից շատ ավելի լավ գիտեն, որ կա դատական համակարգ եւ կարող են համապատասխանաբար դիմել դատարաններ»:

Անցած շաբաթ օրը «Հայկական ժամանակ» օրաթերթին տված հարցազրուցում Կարեն Կարապետյանը նշել է, թե մայրաքաղաքում նոր կրպակ տեղադրելու թույլտվություն այլեւս չի տրվելու:

Քննարկմանը մասնակցող Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ասաց, թե քաղաքապետի այդ մոտեցումը, փաստորեն, նշանակում է խոչընդոտել մայրաքաղաքում փոքր ու միջին բիզնեսի զարգացումը. - «Եթե անգամ այդպիսի նպատակ չի հետապնդվում, այնուամենայնիվ, այս ամենից շահողը սուպերմարկետներն են եւ խոշոր առեւտրի սրահները»:

Ի պատասխան` Շուշան Սարդարյանը մեզ նախ փոխանցեց, թե կրպակների ապամոնտաժումը համատարած բնույթ չի կրում եւ ավելացրեց, թե քաղաքապետի որոշումը նպատակ չի հետապնդում ճնշում գործադրել փոքր ու միջին բիզնեսի վրա:

«168 ժամ» եւ «Առավոտ» թերթերը այսօր հրապարակել են Հրազդանի կիրճում կառուցվող հսկայական ռեստորանային մի համալիրի լուսանկար, որը, պարբերականների ներկայացմամբ, պատկանում է Երեւանի քաղաքապետին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Շուշան Սարդարյանը փաստորեն ո´չ հաստատեց, ո´չ էլ հերքեց այս տեղեկությունը` նշելով. - «Ես մեկնաբանում եմ միայն քաղաքապետ Կարեն Կարապետյանի գործունեությունը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG