Մատչելիության հղումներ

ՀԲ-ի միջոցներով իրականացվում է գյուղատնտեսական նոր ծրագիր


Հայաստանի արոտավայրերի մոտ կեսը գյուղացին այսօր չի օգտագործում: Պատճառները հիմնականում կապված են ռեսուրսների բացակայության հետ:

Գյուղատնտեսական հին տեխնիկա, դրանց թվաքանակի պակաս, վատ ճանապարհներ, թանկ անասնակեր, վառելիք, գյուղական արտադրանքի իրացման նվազ հնարավորություններ, գյուղատնտեսության ապահովագրության բացակայություն. սրանք գյուղացիների մատնանշած պատճառներն են, որոնք խոչընդոտում են գյուղի զարգացմանը:

Այս խնդիրների նվազեցման նպատակով Հայաստանի կառավարությունը Համաշխարհային բանկի (ՀԲ) միջոցներով վեց մարզերում սկսել է իրականացնել գյուղատնտեսական նոր ծրագիր: ՀԲ-ն Հայաստանի կառավարությանն այս ծրագրի իրականացման համար հատկացրել է 13 միլիոն դոլարի վարկ` 0.74 տոկոս տարեկան տոկոսադրույքով:

Գյուղացիական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագիրը կիրականացվի Հայաստանի վեց մարզերի 55 գյուղական բնակավայրերում առաջիկա հինգ տարվա ընթացքում:

Լրագրողներին ներկայացնելով ծրագիրը` Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ կլուծվեն մի շարք խնդիրներ` կնորոգվեն գյուղական ճանապարհները, կլուծվի հեռագնա արտովայրերի ջրամատակարարման հարցը, կկառուցվեն կաթի վերամշակման արտադրամասեր, գյուղերը կապահովվեն գյուղտեխնիկայով, անասնակերի կայուն պաշարներով:

Որպեսզի իրականություն դառնա այս ամենը, գյուղերը պարտավոր են ձեւավորել արոտօգտագործողների կոոպերատիվներ:

«Դրանք Խորհրդային Միության կոլտնտեսությունները չեն», - վստահեցրեց Խաչատրյանը: - «Նոր տիպի միավորումներ են, որոնց միավորման հիմնական սկզբունքը խնդիրներն են»:

Խաչատրյանի ներկայացմամբ, կոոպերատիվներում ներառվելը կրում է կամավոր բնույթ, բայց այն գյուղական ընտանիքը, որը չի ներառվի, ծրագրի ընձեռած հնարավորություններից, ըստ էության, չի օգտվի:

Խաչատրյանը նշեց, որ արդեն ձեւավորվել է 18 կոոպերատիվ, 10-ի ստեղծումը ընթացքի մեջ է:

«Խորհրդատվության եւ բացատրական աշխատանքի արդյունքում իրենք հասկանում են, որ սա իրենց օգտին է», - ասաց նա:

Ծրագրում ներառված յուրաքանչյուր գյուղ պետք է ենթածրագիր կազմի, որի իրականացման համար հատկացվող գումարը չի անցնի 240.000 դոլարը: Բայց կոոպերատիվն իր բյուջեի միջոցներով պարտավոր է մասնակցել ծրագրի իրականացմանը` 5 տոկոսի չափով ենթակառուցվածքների բարելավման դեպքում, 50 տոկոսի չափով էլ` գյուղտեխնիկայի ձեռքբերման, կաթի արտադրամասի կառուցման, ինչպես նաեւ անասնակերի ձեռքբերման համար:

Այս տարի ծրագիրը փորձնական կկիրառվի 5 գյուղերում:

Արագածոտնի Ավան գյուղը փորձնական ծրագրի մեջ է ներառվել: Գյուղում արդեն ձեւավորվել է կոոպերատիվ: Դրանում ներառված գյուղացիները, սակայն, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում մեծ հույսեր չեն կապում կոոպերատիվի ու իրականացվող ծրագրի հետ :

please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG