Մատչելիության հղումներ

Շարմազանովի դիտարկմամբ` նախագահի ելույթում տոնայնության խստացում չկար


ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանով
Իշխող Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովի դիտարկմամբ` նախագահ Սերժ Սարգսյանի` դիվանագետների հավաքի ժամանակ ունեցած ելույթի Ղարաբաղին վերաբերող հատվածում տոնայնության խստացում չկա եւ դրանում տրված գնահատականները նախկինում էլ քանիցս հնչել են:

Նշելով, որ նախագահի ելույթը հայեցակարգային ամփոփիչ խոսք էր ցայժմ կատարված աշխատանքների մասին` ՀՀԿ մամլո խոսնակը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հիշեցրեց. - «Առաջին անգամ չէ, որ երկրի նախագահը նշել է, որ կա կարմիր գիծ: Միգուցե այդ տերմինալոգիայով չի ասել, բայց Լոնդոնի Չեթըմ հաուզում եւ այլ հարցազրույցների ժամանակ նախագահը բազմաթիվ անգամներ ասել է, թե մեր վերջնական նպատակն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը: Ավելին` Մյունխենում մի քանի տարի առաջ նախագահը նշեց, որ մենք չենք ուզում պատերազմ, բայց մենք պատերազմից չենք վախենում, եւ Ադրբեջանը կստանա հստակ պատասխան»:

Շարմազանովի գնահատմամբ` եթե Ադրբեջանը վերջին շրջանում ունենար կառուցողական մոտեցում, բնականաբար, նախագահ Սարգսյանի տոնայնությունն էլ այլ կլիներ, բայց քանի որ ե'ւ Կազանում, ե'ւ դրանից հետո Ադրբեջանը չցուցաբերեց նման վարքագիծ ու այս ողջ ընթացքում ամեն ինչ արեց հասարակության մեջ հայատյացություն սերմանելու համար, ուստի նախագահն այս ելույթով նաեւ որոշակի ուղերձ հղեց միջազգային հանրությանը:

«Հայաստանը, այո, գտնում է, որ միակ արդարացի լուծումը խաղաղ բանակցությունների միջոցով քաղաքական լուծումն է, բայց Հայաստանը երբեք չի գնա Ադրբեջանի նախապայմաններին եւ Ադրբեջանի քաղաքական ավանտյուրային», - ասաց Շարմազանովը:

Սերժ Սարգսյանը երեկ հավաստիացրեց, որ կա «կարմիր գիծ», որը հայկական կողմը երբեք չի անցնի: Իրենց կարմիր գիծը չանցնելու մասին բազմիցս հայտարարել է նաեւ Ադրբեջանը: Հարցին, թե այս «կարմիր գծերի» պարագայում ինչի՞ շուրջ պետք է բանակցեն կողմերը, Շարմազանովը պատասխանեց. - «Այն երեք սկզբունքների շուրջ, որի մասին բազմաթիվ անգամներ խոսել են միջազգային կազմակերպությունները, կոնկրետ Մինսկի խմբի համանախագահները»:

«Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` Սերժ Սարգսյանի երեկվա ելույթը միաժամանակ հասցեագրված էր մի քանի լսարանի: Առաջին հերթին, Սաֆարյանի գնահատմամբ, դա ներքին լսարանն է, որին այս խոսքն ուղղվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անկախության 20-րդ տարեդարձի համատեքստում:

«Եվ այս կապակցությամբ, բնականաբար, սպասելի է, որ երկրի ղեկավարի շուրթերից կլսվեն այնպիսի հայտարարություններ, որոնք մազ անգամ կասկածի տակ չեն դնի այդ անկախության փաստը, եւ շատ ավելի հայրենասիրական երանգներ կունենան», - ասաց Սաֆարյանը:

Սերժ Սարգսյանի` Ղարաբաղին վերաբերող հայտարարությունները Սաֆարյանը որոշակիորեն կապում է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների հետ: Սաֆարյանի կարծիքով, հայ-թուրքական արձանագրությունների հարցն իր խորհրդարանի օրակարգից դուրս թողնելով` Թուրքիան թերեւս սպասում է, որ միջազգային հանրությունն իրենից դարձյալ կխնդրի քայլ կատարել այդ ուղղությամբ, իսկ դրա դիմաց Թուրքիան կպահանջի ինչ-որ, թեկուզեւ թվացյալ ձեռքբերում ղարաբաղյան կարգավորման հարցում: Սաֆարյանի խոսքով` հասկանալով Թուրքիայի այս խորամանկությունը, Սերժ Սարգսյանն այս հայտարարությամբ հաստատեց այն շեմը, որից այն կողմ բանակցություն չի լինելու:

Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր միավորման արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ նշեց, որ միջազգային դիվանագիտական պրակտիկայում եւ, մասնավորապես, բանակցային գործընթացներում «կարմիր գծերի» մասին հրապարակավ խոսելն ընդունված չէ: Կարապետյանի բնութագրմամբ` նախկին հայտարարությունների համեմատ առավել սուր տոնայնությունը պայմանավորված է ղարաբաղյան կարգավորման որեւէ հեռանկարի բացակայությամբ: Այս պայմաններում, ըստ Կարապետյանի, Սերժ Սարգսյանի խոսքի առաջին հասցեատերը Հայաստանի հանրությունն է:

«Բայց Հայաստանի հանրությունը չպետք է ընկնի մոլորության մեջ: Նա պետք է հստակ իմանա, որ դեռեւս ամիսուկես առաջ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ պատրաստ է ընդունել մադրիդյան փաստաթուղթը, միայն սպասում է, որ Ադրբեջանն էլ համաձայնվի», - ասաց Կարապետյանը:

Էդուարդ Շարմազանովը, ի պատասխան այն հարցին, թե կարելի՞ է սպասել, որ մի քանի ամսից Հայաստանը պաշտոնապես ետ կվերցնի իր ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից (նախագահն ասել էր, թե դեռ մի քանի ամիս էլ կհետեւեն Թուրքիայի վարքագծին), ասաց, թե բացառապես նախագահին վերաբերող այդ որոշումը չի մեկնաբանի:

Նույն հարցին ի պատասխան` Ստյոպա Սաֆարյանն ասաց. - «Միայն իրեն է հայտնի, որովհետեւ դրանից չես հասկանում, թե ի՞նչ է անելու Հայաստանը: Թեպետ ինքը նախկինում խոստացել էր արձանագրություններից վերցնել ստորագրությունները, եւ այս պարագայում այդ քայլը ուշացնելը նշանակում է թույլ տալ թուրքական կողմին հերթական ապրիլ 24-ի նախաշեմին թուրքական կողմի եւ միջազգային հանրության` Հայոց ցեղասպանության ճանաչման նոր սակարկություններ»:

ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը ամենեւին չի կարծում, որ այս գործընթացից Հայաստանի միջազգային հեղինակությունը բարձրացել է եւ դիրքերն էլ ամրապնդվել են, քանի որ նախ` այս ընթացքում դադարել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը, իսկ Թուրքիան էլ որոշակիորեն ներգրավվել է Ղարաբաղյան կարգավորման պրոցեսի մեջ: Բացի այդ, ըստ Կարապետյանի, Հայաստանի հեղինակության բարձրացման մասին չի խոսում նաեւ այն հանգամանքը, որ վերջին տարիներին զանազան միջազգային ձեւաչափերում մի շարք ադրբեջանամետ փաստաթղթեր են ընդունվել: Կարապետյանը, դատելով փորձից, չի հավատում, որ Հայաստանը մի քանի ամսից ետ կվերցնի իր ստորագրությունը:

please wait

No media source currently available

0:00 0:05:25 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG