Մատչելիության հղումներ

Կադիրովը ահաբեկիչներին մեղադրում է մահմեդականների սուրբ օրը «սեւացնելու» համար


Ռամզան Կադիրով
Ռամզան Կադիրով
Մահմեդականների համար սուրբ համարվող ամսվա` Ռամադանի վերջին օրը, օգոստոսի 30–ի գիշերը, Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում պայթյուն է որոտացել: Կրկնակի ահաբեկչության հետեւանքով առնվազն 9 մարդ է զոհվել։ Նրանցից յոթը` ոստիկանության, մեկը` արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցներ են, եւ մեկը՝ քաղաքացիական անձ: Ահաբեկչության հետեւանքով 22 մարդ է վիրավորվել:

Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը ռուսաստանյան «Նովոստի» գործակալությանը հաղորդել է, որ պայթյուններն իրականացրած երեք ինքնասպան ահաբեկիչներից երկուսի ինքնությունը արդեն պարզվել է։

Ոստիկանական աղբյուրներից հայտնի է դարձել, որ առաջին ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն Գրոզնիի խորհրդարանի շենքի մոտակայքում, երբ ոստիկանները փորձել են ստուգել նրա փաստաթղթերը: Մյուս երկու ահաբեկիչները պայթուցիկ սարքը գործի են գցել, երբ դեպքի վայրում մարդիկ են հավաքվել:

Ռուսաստանի աջակցությունը վայելող Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը պայթյուններն իրականացնողներին անվանել է վարժեցված եւ զոմբիացված հանցագործներ, ովքեր սեւացրել են մահմեդականների համար ամենասուրբ օրը:

Պայթյունի համար պատասխանատվությունը որեւէ ահաբեկչական խմբավորում չի ստանձնել, սակայն Ռամզան Կադիրովը շտապել է մեղադրել չեչեն ապստամբների դաշտային հրամանատար Դոկու Ումարովի զինյալներին: Ումարովի անվան հետ են կապում նաեւ վերջին ահաբեկչությունները Ռուսաստանում:

«Այս ամենի հետեւում Դոկու Ումարովի խումբն է կանգնած: Մեր խնդիրն է այժմ նրանց գտնել: Նրանք հերթական անգամ ցույց տվեցին, որ մարդ չեն, մահմեդական չեն եւ մարդկային կյանքը նրանց համար ոչ մի նշանակություն չունի», - հայտարարել է Կադիրովը:

Ումարովը, ով իրեն հայտարարել է Կովկասյան էմիրաթի Էմիր, Ռուսաստանում հետախուզվող թիվ մեկ մարդն է: Նա իր վրա է վերցրել Մոսկվայի օդանավակայանում հունվարին տեղի ունեցած ահաբեկչության եւ 2010 թվականի մարտին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությունների պատասխանատվությունը, որոնք ավելի քան յոթ տասնյակ մարդու կյանք էին խլել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG