Մատչելիության հղումներ

Պենտագոնը 10 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Ադրբեջանին


Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչությունը մոտ 10 միլիոն դոլարի օգնություն է տրամադրում Ադրբեջանին` այդ երկրի ռազմածովային հատուկ ուժերի հակաահաբեկչական կարողությունները բարելավելու նպատակով:

Ինչպես հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը` վկայակոչելով իր հայթայթած փաստաթղթերը, օգնությունը ներառում է փոքր նավեր, մոտորանավակներ, ջրասուզման հանդերձանք եւ վարժանքներ: Նույն աղբյուրը Ադրբեջանը ներկայացնում է որպես «Միացյալ Նահանգների` Կասպից ծովում Իրանին սահմանակից կարեւոր դաշնակից»: Նշվում է նաեւ, որ նավթով հարուստ Ադրբեջանը Աֆղանստան կատարվող մատակարարումների ճանապարհներից մեկն է: Դեպի Աֆղանստան ռազմական եւ կոմերցիոն հազարավոր չվերթներ են կատարվում Ադրբեջանի օդային տարածքով, հարյուրավոր ինքնաթիռներ օգտվում են Բաքվի օդանավակայանից:

Հարավկովկասյան մյուս երկրների՝ Հայաստանի ու Վրաստանի մասին հաղորդագրությունում ոչինչ նշված չէ:

Պաշտոնական Բաքվին հատկացվելիք ռազմական օգնությունը մաս է կազմում Պենտագոնի պաշտոնյաների կողմից վերջերս հաստատված 44 միլիոն դոլարի օգնության փաթեթի, որով նախատեսվում է նաեւ ավելի քան 25 միլիոն դոլար տրամադրել Լիբիային սահմանակից Թունիսին եւ Մալթային, 5.7 միլիոն դոլար` Լիտվային, 2.9 միլիոն` Հունգարիային:

Պենտագոնի օգնության մեծ մասը հատկացվում է հենց Թունիսին՝ մոտավորապես 21 միլիոն դոլար: Այն նախատեսված է փոքր նավեր, մի քանի տասնյակ բեռնատար ավտոմեքենաներ, ուղղաթիռներ, ռադարներ ձեռք բերելու ու վարժանքներ անցկացնելու համար:

Associated Press-ը նշում է, որ Թունիսին օգնությունը տրամադրվում այն ժամանակ, երբ Լիբիայի ապստամբները աշխատում են բացել Թունիսից դեպի Տրիպոլի հիմնական ուղիները, ինչպես նաեւ ապահովել սահմանների անվտանգությունը:

Պենտագոնի օգնության փաթեթում ներառված են նաեւ Հունգարիան եւ Լիտվան: 5 միլիոն 700 հազար դոլար է հատկացվում Հունգարիային, գրեթե 3 միլոն դոլար՝ Լիտվային:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG