Մատչելիության հղումներ

Գալուստ Սահակյանի կարծիքով, ՀԱԿ-ը «հարկադրված էր» առկախել մասնակցությունը երկխոսությանը


Գալուստ Սահակյան
Գալուստ Սահակյան
Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը այսօր հայտարարեց, որ եթե ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չվերադառնա իշխանությունների հետ բանակցությունների, ապա լուսանցքից դուրս կմղվի։

«Նորից ՀԱԿ-ը իրեն լուսանցքից դուրս կգցի, իսկ քաղաքական ուժերը իրենց երթը կշարունակեն դեպի խորհրդարանական ընտրություններ», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հանրապետականի փոխնախագահը։

Իշխանությունների հետ բանակցություններում իր մասնակցությունը առկախելու՝ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի քայլը Գալուստ Սահակյանը առավելապես պայմանավորում է արտահերթ ընտրությունների՝ ընդդիմության պահանջին ի պատասխան կոալիցիայի ներկայացրած փաստաթղթով։

«Երբ նախորդող հանդիպման ժամանակ ընթերցվեց կոալիցիայի ներկայացրած փաստաթուղթը (բնականաբար, կարծում եմ, դեռեւս փաստաթղթին ծանոթ չէ հասարակությունը), դա, փաստորեն, ծիծաղելի էր դարձնելու այն փաստաթուղթը, որը ներկայացրել էին ՀԱԿ-ի կողմնակիցները․ որեւէ արգումենտ չունեին», - պնդեց Հանրապետականի փոխնախագահը՝ եզրակացնելով, թե հետեւաբար ՀԱԿ-ը պետք է ինչ-որ այլ պատճառաբանություն գտներ բանակցություններն առկախելու համար։

Գալուստ Սահակյանը նաեւ կարծիք հայտնեց, որ ընդդիմադիր Կոնգրեսին ժամանակ է պետք առաջիկա հանրահավաքում իր ռեսուրսները գնահատելու եւ ըստ այդմ՝ իր հետագա ռազմավարությունը որոշելու համար։

«Ազատություն» ռադիոկայանի այն դիտարկմանը, թե գուցե ընդհակառակը՝ իշխանությա՞նն էր պատրվակ պետք բանակցությունները դադարեցնելու եւ արտահերթ ընտրություններից խուսափելու համար, այդ պատճառով էլ ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանն ազատ չի արձակվում, Գալուս Սահակյանը հետեւյալ կերպ արձագանքեց․ - «Կոնկրետ ինձ համար տհաճ է ՀԱԿ-ի հետ երկխոսթյան նստելը, բայց երկխոսության գաղափարին կողմ եմ»։

«Իսկ եթե իրավիճակը չփոխվի, եւ բանակցությունները չվերսկսվեն, ապա Կոնգրեսը քանի՞ մանդատ կարող է ունենալ ապագա խորհրդարանում» հարցին Հանրապետականի փոխնախագահը պատասխանեց․ - «Նայած՝ ինքը հասարակությանը ինչ անձեր կներկայացնի։ Եթե այսպես՝ կիսատ-պռատ քաղբանտարկյալներ սարքած մարդիկ պիտի գան, շատ քիչ կլինի։ Կարծում եմ՝ 8-10 այս պահին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG