Մատչելիության հղումներ

Անուշ Սեդրակյանը երկխոսության շուրջ ստեղծված իրավիճակը որակում է «պատային»


Անուշ Սեդրակյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվային լուսանկար
Անուշ Սեդրակյանը հարցազրույց է տալիս «Ազատություն» ռադիոկայանին, արխիվային լուսանկար
Քաղաքական վերլուծաբան, նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) - իշխող կոալիցիա երկխոսության շուրջ ներկայում ստեղծված իրավիճակը բնորոշեց որպես «պատային»:

«Եթե շախմատային տերմինոլոգիան օգտագործենք` բացահայտ պատային իրավիճակ է, այսինքն` երբ ո'չ նահանջի հետքայլ կա, ո'չ էլ առաջ գնալու քայլ», - ասաց նա:

ՀԱԿ-ի ակտիվիստ Տիգրան Առաքելյանի անազատության մեջ լինելը Անուշ Սեդրակյանը համարում է ընդամենը պատրվակ` երկխոսությունը դադարեցնելու համար: «Այնուամենայնիվ, նրանց [ՀԱԿ-ի եւ իշխող կոալիցիայի] մեջ ավելի խորքային տարաձայնություններ կան, ավելի խորքային են նրանց երկուսի միջեւ եղած հակասությունները: Ինձ թվում է, այդ պատրվակից երկուսն էլ կառչել են: Որովհետեւ շատ հեշտ կլինի իշխանության համար ազատել Տիգրան Առաքելյանին, երկուսն էլ կարող են, ցանկության դեպքում, հանդուրժողականություն եւ փոխզիջում ցուցաբերել, բայց, ինչպես տեսնում ենք, գուցե սա ինչ-որ մի բարեբեր պատրվակ է, որով կարելի է այդ գործընթացն ընդհատել», - նշեց վերլուծաբանը:

Հարցին, թե իր կարծիքով` խորքային հակասությունները պայմանավորված են նաեւ արտահերթ ընտրությունների` ՀԱԿ-ի պահանջո՞վ, Անուշ Սեդրակյանը արձագանքեց. - «Նաեւ դրանով է պայմանավորված, բայց, իհարկե, դա չի բարձրաձայնվում: Արտահերթ ընտրությունները եղել են այդ բոլոր բանակցությունների դիսկուսիոն հիմնական կետը, որը, ասում եմ, չի բարձրաձայնվում, որովհետեւ ՀԱԿ-ը այս դեպքում չի ուզենա արձանագրել նահանջ իր պահանջներից, իսկ իշխանությունն էլ չի ուզենա այդ թեման ավելի շատ շրջանառության մեջ դնել»:

Կարծիք հայտնելով, որ ՀԱԿ-ի ակնկալիքները երկխոսությունից չարդարացան, Անուշ Սեդրակյանը դրա պատճառը համարեց ընդդիմադիր Կոնգրեսի քաղաքականության փոփոխությունը, այսինքն` քաղաքական պայքարից «բանակցա-գործարքային» քաղաքականության անցումը:

«Փաստորեն, նա մաքուր քաղաքականության դաշտից դուրս է եկել եւ մտել է բանակցային քաղաքականության գործընթաց: Իսկ պետք է հաշվի առնենք, որ բանակցային, այսպես ասած` բանակցա-գործարքային քաղաքականության գործընթացում իհարկե իշխանությունները ավելի հմուտ են, նրանք ավելի էքսպերտ են, նրանք, այնուամենայնիվ, թրծված են այդ քաղաքականության մեջ, եւ բնական էր` եթե որպես պրեզումպցիա, նկատառում ունենանք, որ ՀԱԿ-ը լավագույն ցանկություններով է մտել այդ գործընթացի մեջ, նույնիսկ լավագույն ցանկությունները չէին կարող ահա այս վարույթը արդարացնել», - ընդգծեց վերլուծաբանը:

«Քաղաքական հիմքը այլեւս չկա, գործարքային հիմքը չի կայացել, ըստ այդմ` ես կարծում եմ, որ երկխոսությունը շարունակելու հիմքեր չունի», - ամփոփեց Անուշ Սեդրակյանը:

Հայ ազգային կոնգրեսը անցած ուրբաթ օրը առկախեց իր մասնակցությունը իշխանության հետ երկխոսության շրջանակներում բանակցություններին` հայտարարելով, որ պատրաստ է վերսկսել դրանք Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելուց անմիջապես հետո:

Առաքելյանը ձերբակալվել է օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկից հետո: Նրան առաջադրվել է մեղադրանք Քրեական օրենսգրքի երեք հոդվածների հատկանիշներով` խուլիգանություն, ոստիկանի նկատմամբ վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնության կիրառում:

Օգոստոսի 9-ի միջադեպի կապակցությամբ բերման էին ենթարկվել 7 ընդդիմադիր երիտասարդներ, որոնցից այս պահին անազատության մեջ է միայն Տիգրան Առաքելյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG