Մատչելիության հղումներ

Թուրքիայի հայ համայնքը «լուրջ միջոցներ» է ակնկալում իր ունեցվածքի վերադարձից


Թուրքիայի կառավարությունը որոշում է ընդունել ազգային փոքրամասնությունների հիմնադրամներին վերադարձնել 1936 թվականին հայտարարագրված, այնուհետեւ նրանցից բռնագրավված ունեցվածքը։

Հրամանագրի հրապարակումից հետո` կիրակի օրը, Թուրքիայի վարչապետը հանդիպում է ունեցել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ Ռամադանի տոնակատարության ավարտին հրավիրված ծոմապահության ընթրիքի` «իֆթարի» արարողության ժամանակ:

Հանդիպմանը մասնակցած Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի փոխանցմամբ, գլխավոր սեղանի շուրջը՝ Էրդողանի կողքին, նստած են եղել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը եւ «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն:

Թուրքական «Զաման» թերթը հրապարակել է այն շինությունների ցանկը, որոնք կվերադարձվեն հայերին: Դրանց թվում են Գյուլբենկյան Սելամեթ Հանրային տունը, «Գեդիկփաշա» հայկական բողոքական դպրոցը, այդ դպրոցին պատկանող մի քանի շինություններ՝ ճաշարանը, խաղահրապարակը, ինչպես նաեւ «Սուրբ Փրկիչ» հայկական հիվանդանոցին պատկանող տարբեր շինություններ, «Սուրբ Հարություն» հիմնադրամին պատկանող գերեզմանատունը:

«Բազմաթիվ շենքեր են, որոնք քաղաքի կենտրոնում են, որոնք բավականին լուրջ միջոցներ կարող են ապահովել համայնքի համար», - մանրամասնեց Արա Գոչունյանը։

«Ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի փոխանցմամբ՝ հայկական համայնքը կտնօրինի այդ շենքերի վարձակալության գումարները, որոնք կծախսվեն համայնքի խնդիրների լուծման նպատակով:

«Ծրագրեր կան, որոնք այսօր նյութական հնարավորությունների պակասի հետեւանքով չեն իրականացվում․ դպրոցների արդիականացում, երիտասարդական ծրագրեր, մշակութային բազմաթիվ նախաձեռնություններ», - մասնավորեցրեց Արա Գոչունյանը։

Արդեն իսկ բազմաթիվ գնահատականներ են հնչել, որ այս հրամանագիրը Թուրքիայի կողմից կատարված լուրջ քայլ էր փոքրամասնությունների իրավունքների վերականգնման, միջազգային համաձայնագրերով ամրագրված պահանջների կատարման առումով։ Սակայն Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը քննադատել է Թուրքական կառավարության նախաձեռնությունը` համոզմունք հայտնելով, որ քրիստոնեական եւ հրեական համայնքների` 1936 թվականին բռնագրավված ունեցվածքը վերադարձնելու որոշումը պաշտոնական Անկարան կայացրել է շահադիտական նկատառումներով` Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կորուստներից, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ի Կոնգրեսում շրջանառվող` Թուրքիայում քրիստոնեական համայնքների նկատմամբ ճնշումների վրա ուշադրություն հրավիրող օրինագծերի բացասական հետեւանքներից խուսափելու նպատակով։

Ազգային փոքրամասնություններից ամենամեծը Թուրքիայի հայկական համայնքն է: Քրիստոնյա հայերի թիվը, ըստ թուրքական «Զաման» թերթի` 65 հազար է, հրեաների թիվը 23 հազար, ուղղափառ հույների թիվը` 2 հազար 500:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG