Մատչելիության հղումներ

Սկանդալային վրացի ռեժիսորը ընդունել է մոսկովյան թատրոնում աշխատելու առաջարկը


Վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուա
Անվանի վրացի ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ով վերջերս սկանդալային քսենոֆոբիկ հայտարարությունների պատճառով ազատվել էր Շոթա Ռուսթավելու անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից, ընդունել է մոսկովյան «Et Cetera» թատրոնի ղեկավար Ալեքսանդր Կալյագինի` թատրոնի հետ համագործակցելու առաջարկը:

Միեւնույն ժամանակ ռեժիսորը հայտարարել է, որ պատրաստ է մնալ եւ աշխատել Վրաստանում, եթե իրեն վերականգնեն Ռուսթավելու անվան թատրոնում:

Ստուրուայի հեռացման պատճառը դարձավ նրա հարցազրույցներից մեկը, որում նա ասել էր, թե չի ցանկանում, որ Վրաստանի ղեկավարը այլ ազգի ներկայացուցիչ լինի:

«Ես երկրի ղեկին կցանկանայի վրացի տեսնել , այլ ոչ թե հայի, ինչպիսին Միխեիլ Սահակաշվիլին է», - ասել էր Ստուրուան:

Ինքը` Ստուրուան այսօր հայտարարել է, որ իր արտահայտությունները վիրավորական չի համարում եւ կարծում է, որ իրեն հեռացրել են քաղաքական պատճառներով` Միխեիլ Սահակաշվիլիին քննադատելու համար:

Վրաստանի մշակույթի նախարար Նիկոլոզ Ռուռուան հայտարարել է, որ իր համար դա թեեւ տհաճ, բայց սկզբունքային որոշում էր, քանի որ Վրաստանը «չի կարող համակերպվել այլատյացության հետ»:

Թբիլիսիի հայերի ասամբլեայի ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենց համար անակնկալ էին անվանի ռեժիսորի նման արտահայտությունները` հաշվի առնելով, որ նա թե' աշխատանքային, թե' ընկերական բազմաթիվ կապեր ունի Հայաստանի հետ:

«Ստուրուայից իրոք չէինք սպասում: Մտածեցինք, որ երեւի լրագրողների սխալն է եղել, նամակով դիմեցինք, խնդրեցինք բացատրել: Մի քանի օր սպասեցինք, որեւէ պատասխան չեղավ, ավելին` քսենոֆոբիայի արտահայտությունները շարունակվեցին: Երկրորդ քայլը` բոյկոտ հայտարարեցինք Ռուսթավելու թատրոնին եւ Ստուրուային, հետո արդեն դիմեցինք Վրաստանի մշակույթի նախարարություն` խնդրելով, որ գոնե արձագանքեն: Դրանից հետո նրան աշխատանքից հեռացրել են, չնայած չեմ կարծում, որ մեր նամակն էր պատճառը», - ասում է Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով` իրենք այժմ թարգմանում են իրենց ձեռքի տակ եղած նյութերը` ռեժիսորի արտահայտությունները վրացական մամուլում: Դրանք ուղարկելու են Ռուսաստանի հայկական համայնքին` նրանցից ակնկալելով համապատասխան արձագանք: Սակայն Ստեփանյանը մտավախություն ունի, որ գուցե քաղաքական կամ այլ պատճառներով Ռուսաստանի հայկական համայնքը «ռիսկ չի անի» բոյկոտ հայտարարել Ստուրուային:

Առնոլդ Ստեփանյանն ասում է, որ այժմ Վրաստանում հակահայ տրամադրություններն իրենց գագաթնակետին են հասել. - «Շաբաթական մոտ 10-12 հակահայկական հայտարարություն է արվում: Այսպես չի եղել երբեւէ, եւ այդ հայտարարություններն անում են կուսակցությունների ղեկավարներ, եկեղեցու ներկայացուցիչներ, մտավորականներ, հասարակական գործիչներ եւ այլն»:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG