Մատչելիության հղումներ

«Պարում էին բոլորը»


«Պարում էին բոլորը»
please wait

No media source currently available

0:00 0:01:57 0:00

Ամեն ամսվա վերջին ուրբաթ օրը «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթը ազգագրական պարեր սովորել ցանկացողների համար կազմակերպում է անվճար դասընթացներ:

«Եթե նույնիսկ ոմանք սկզբում քմծիծաղով են վերաբերվում եւ կողքից են նայում, ապա մի քանի պար պարելուց հետո, գալիս եւ ընդգրկվում են պարաշրջանի մեջ», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց «Կարին» ազգագրական երգի ու պարի համույթի անդամ Տաթեւիկը:

«Կարին»-ի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը նշեց, որ չէին ուզում հայկական պարերը պահել զուտ որպես թանգարանային նմուշ, այլ ուզում էին վերադարձնել դրանք մեր կենցաղ: Այդ պատճառով որոշեցին կազմակերպել այս բաց դասերը: Պարում են ոչ միայն ճանաչված, այլեւ տարբեր գյուղերից ու քաղաքներից բանահավաքության շնորհիվ վերականգնված պարերը:

«Վերջերս գտել ենք մոտ 20 պար, որոնք դեռ մշակման փուլում են ՝ «Շըպըռ», «Շարանի» եւ այլն: Շատ պարեր կան, որոնք դեռ մեծ բեմերից ներկայացված չեն եղել», - ասաց Գագիկ Գինոսյանը:

«Միայն Կոմիտասը գրառած մոտ 1000 պար ունի», - հավելեց «Կարին»-ի անդամ Հարությունը:

Համույթի սիրողական խմբի անդամները նախաձեռնել են նաեւ «Պարենք հայերեն» նախագիծը: Նրանք մոտ 2 ամիս է Երեւանում ամեն կիրակի հավաքվում են Անդրանիկ Օզանյանի արձանի մոտ եւ պարում ազգագրական պարեր՝ սովորեցնելով բոլոր ցանկացողներին:

Մասնակիցների խոսքերով, աստիճանաբար ավելի շատերն են սկսում հետաքրքրվել ազգային պարերով: Նրանք հավատացրին, որ միայն ցանկություն, մի քիչ էլ համարձակություն է պետք:

Բացօթյա դասերին պարում են տարբեր տարիքի մարդիկ՝ տարբեր բնագավառներից, Հայաստանի տարբեր մարզերից, ինչպես նաեւ զբոսաշրջիկները: «Օրինակ, անցած անգամ ինձ երեք արտասահմանցի խնդրեցին պարել իրենց հետ», - ասաց «Պարենք հայերեն» նախագծի անդամ Լիլիթը:

«Ամեն անգամ ես փորձում եմ սովորել պարերը: Միանում եմ խմբին, եւ մեկն ինձ սովորեցնում է: Բոլորը շատ շփվող են, ասում են՝ արի, մենք քեզ կսովորեցնենք: Այս անգամ բերել եմ իմ գործընկերոջը, որ ինքն էլ սովորի», - ասաց «Խաղաղության Կորպուսի» կամավոր Ջուլիան:

Մասնակիցները պատմեցին, որ կան տարբեր բնույթի եւ տարբեր առիթների համար նախատեված ազգագրական պարեր. ռազմական, հարսանեկան, աշխատանքի, տղամարդկանց, կանանց եւ երիտասարդների համար:

«Օրինակ, «Ծաղկաձորի» պարը երիտասարդական պար է, «Հետ ու առաջ»-ը՝ չար ուժերին քշելու պար, «Մածուն եմ դրել»-ը պարում են միայն կանայք», - ասաց Տաթեւիկը:

Իսկ Հարությունը նշեց, որ «Քոչարին» ռազմական պար է. - «Քոչարին խոյերի մեծարման պար է, խոյը՝ որպես պայքարի սիմվոլ»:


please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG