Մատչելիության հղումներ

Ճարտարապետը մտահոգված է մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի տարածքում կառուցվելիք հյուրանոցով


Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան (աջ)
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյան (աջ)
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը լուրջ մտահոգություն հայտնեց մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում յոթից ութ հարկանի հյուրանոց կառուցելու թույլտվության կապակցությամբ` հայտարարելով, թե այդ փոքր հատվածում 4-աստղանի հյուրանոց կառուցելու գաղափարը որեւէ ճարտարապետ չէր կարող հավանության արժանացնել:

«4-աստղանի հյուրանոցը արդեն բարձրակարգ հյուրանոցների ցանկում է գտնվում: Հյուրանոցը պետք է բոլոր կողմերից մոտեցման խնդիրները, կանգառների տեղերը լուծած լինի, հյուրանոցում ապրողների եւ քաղաքացիների համար բոլորովին ուրիշ ռեժիմներ պետք է ապահովի, իսկ այստեղ այս փոքրիկ կտորում այդ ամբողջը կարգավորելը, կարծում եմ, անլուծելի խնդիր է, եթե իհարկե, մետրոյի բակը նույնպես չվերցնեն կառուցապատման տակ», - ուրբաթ օրը կայացած ասուլիսում հայտարարեց Մինասյանը:

Կառավարության որոշմամբ հողամասը տրամադրվում է առանց մրցույթի` շուրջ 6 հազար քմ մակերեսով կառուցապատման իրավունքով: Գործադիր հիմնավորում է, թե այդ որոշումը թելադրված է Երեւան քաղաքում 2011-2014 թվականներին ներդրումային ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ: Փաստաթղթում նշվում է, որ նախատեսվում է կառուցել միջազգային դասի, 4-աստղանիից ոչ պակաս հյուրանոցային համալիր, որը ներառելու է ընդունելության եւ խորհրդակցության սրահ, մարզադահլիճ, խաղասրահ, ռեստորան, սրճարան:

Ըստ մամուլի հրապարակումների` հյուրանոցը կառուցելու է ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուփ» ընկերությանը:

Մկրտիչ Մինասյանի խոսքով` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ում առաջարկով է ընտրվել այս տարածքը, առանց մանրամասն ուսումնասիրելու` հապշտապ դրական եզրակացություն է տվել:

Կառավարության որոշման մեջ նշվում է, որ հյուրանոցը կառուցվելու է մետրոյի կայարանի հարակից տարածքում եղած պատմական կառույցների, շենքերի եւ շինությունների քաղաքաշինական, ծավալահատակագծային եւ ճարտարապետագունային լուծումների հաշվառմամբ, ինչը կապահովի միկրոշրջանի ամբողջականությունը:

Մկրտիչ Մինասյանը, ով մետրոյի հենց այս կայարանի նախագծողներից է, չի հավատում այն հավաստիացումներին, թե հյուրանոցի կառուցմամբ կբարեկարգվի նաեւ կայարանամերձ փոքրիկ հրապարակը` համոզմունք հայտնելով, որ այն դառնալու է հյուրանոցի մի մասը:

Հյուրանոցի կառուցմանը հավանություն է տվել նաեւ Երեւանի քաղաքաշինական խորհուրդը: Մկրտիչ Մինասյանը տարակուսանք է հայտնում, որ քաղաքային իշխանությունները որեւէ ձեւով հաշվի չեն նստում Ճարտարապետների միության հնչեցրած գնահատականների հետ:

«Մենք հո՞ այս հանրապետության թշնամիները չենք: Մեր վարչության անդամների մեծ մասը երկար աշխատել են, եւ այս քաղաքը ունի նրանց հետքերը` եւ լավ հետքերը: Չլսելու մեջ վատ միտումներ եմ տեսնում», - ասաց Մինասյանը:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG