Մատչելիության հղումներ

Տիգրան Առաքելյանի պաշտպանը վճռաբեկ բողոք է ներկայացրել


Հայաստան - Օգոստոսի 9-ին բերման ենթարկված 7 ընդդիմադիր ակտիվիստները, Երեւան, 2011թ.
Հայաստան - Օգոստոսի 9-ին բերման ենթարկված 7 ընդդիմադիր ակտիվիստները, Երեւան, 2011թ.
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն այսօր բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` խնդրելով վերացնել Տիգրան Առաքելյանին կալանավորելու որոշումը:

Տիգրան Առաքելյանը կալանավորվել էր օգոստոսի 9-ին Երեւանի Կարապի լճի մերձակայքում ընդդիմադիր ակտիվիստների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկից հետո: Նրան առաջադրվել է մեղադրանք երեք հոդվածներով` խուլիգանության, ոստիկանի նկատմամբ վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնության կիրառման կասկածանքով:

Օգոստոսի 9-ի միջադեպի կապակցությամբ բերման էին ենթարկվել 7 ընդդիմադիր երիտասարդներ, որոնց չորսին ազատ էին արձակել: Տիգրան Առաքելյանից բացի կալանավորվել էին երկու ընդդիմադիր ակտիվիստներ` Սարգիս Գեւորգյանը եւ Արտակ Կարապետյանը, ովքեր ազատ արձակվեցին անցյալ շաբաթ` Վերաքննիչ դատարանի որոշմամբ: Դատարանը, սակայն, մերժեց հայցվոր կողմի դիմումը` գրավի դիմաց ազատ արձակել այս գործով ամենածանր մեղադրանքներով կալանավորված Տիգրան Առաքելյանին:

Ընդդիմադիրների կալանավորումը համընկել է ՀԱԿ – իշխանություն քաղաքական երկխոսության գործընթացի հետ եւ Հայ ազգային կոնգրեսի համակարգողը իշխանության պատվիրակության հետ վերջին հանդիպումից հետո վստահություն էր հայտնել, թե Տիգրան Առաքելյանի կալանքը վերացնելու հարցը արագորեն կկարգավորվի:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` կա՞ն իրավական հիմքեր, որ Վճռաբեկ դատարանը Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու որոշում կայացնի, վերջինիս փաստաբան Վարդուհի Էլբակյանը այսօր պատասխանեց. - «Գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի որոշումը անհիմն էր. որեւէ հիմք չկար Տիգրանին կալանքի տակ պահելու համար: Հույս եմ ուզում հայտնել, որ գոնե Վճռաբեկ դատարանը օբյեկտիվ կգտնվի եւ կբավարարի մեր վճռաբեկ բողոքը: Իրավական որոշում կայացնելու համար հիմքերը ավելի քան բավարար են»:
please wait

No media source currently available

0:00 0:01:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG