Մատչելիության հղումներ

Մեկնարկել է տեղամասային ընտրական հանձնաժողովների ձեւավորվման գործընթացը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը:

Խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) են ներկայացրել տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ) անդամների հայտերը` սեպտեմբերին 10 համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին ընդառաջ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ թեկնածուները տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ են նշանակվում ավտոմատ կերպով:

Ըստ Ընտրական նոր օրենսգրքի, ՏԸՀ անդամների հայտերը ներկայացվում են քվեարկության օրվանից 25-30 օր առաջ` հերթական ընտրությունների դեպքում, եւ 18-20 օր առաջ` արտահերթ ընտրությունների դեպքում: ՏԸՀ անդամների լիազորությունները դադարում են քվեարկության օրվանից հինգ օր հետո:

Ընտրական օրենսգրի համաձայն, ՏԸՀ 7 անդամներից 5-ի հայտերը ներկայացնում են խորհրդարանում մանդատներ ունեցող կուսակցությունները, մյուս 2 անդամների ընտրության իրավունքը վերապահված է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին:

Օգոստոսի 22-ին ԿԸՀ-ն որոշում էր կայացրել նշված 10 համայնքներում տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները խորհրդարանական կուսակցությունների միջեւ բաժանելու մասին:

«Ոչ թե անհավասարություն է, այլ նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխման համամասնություն: Քանի մանդատ ունեն, դրա համամասնությունը տեղափոխվում է տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահ եւ քարտուղար պաշտոնների վրա», - պարզաբանեց Ազարյանը:

Ընտրական նոր օրենսգիրքը պահանջում է, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմում ընգրկվեն այն քաղաքացիները, որոնք ԿԸՀ-ի սահմանած կարգով անցել են ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներ եւ ստացել որակավորման վկայականներ:

Հարցին, թե ՏԸՀ-ի անդամներն անցել են արդյոք այդ դասընթացները եւ ստացել համապատասխան վկայականները, Ազարյանը արձագանքեց. - «Հույս ունեմ, որ այն անդամները, որոնք ընդգրկված են այս կազմում, եւ այն գիտելիքները, որ ստացել են նախորդ տարիների ուսուցման ժամանակ, նրանց կբավարարեն, որպեսզի կարողանան պատշաճ քվեարկություն կազմակերպել: Նաեւ չմոռանանք, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները նրանց հետ անց են կացնում վերապատրաստման դասեր… Նրանք արդեն նախկինում անցել են դասընթացներ: Բայց քվեարկության կարգը եւ քվեարկության կազմակերպումը մեծ մասամբ չի փոխվել: Մեզ ընդամենը պետք է նշանակված անդամներին վերապատրաստել, ինչը մենք անպայման կանենք մինչեւ քվեարկության օրը»:

Ընտրական նոր օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ կոալիցիան ներկայացնող պատգամավորները, հիշեցնենք, բազմիցս հայտարարել են, թե օրենսգրքի հոդվածները 90 տոկոսով փոխվել են:

ԿԸՀ նախկին անդամ, այժմ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ նոր օրենքով առաջնորդվելու համար անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովների անդամներն ունենան համապատասխան գիտելիք, որի վկայությունը համապատասխան լիցենզիան է:

«Բայց այսօր այս օրենսգրքին համապատասխան որակավորման վկայական որեւէ մեկը չունի: Հետեւաբար` ի՞նչ հիմունքներով են մարդիկ նշանակվում տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամ: Նշանակում է` խախտվում է օրենքը, անտեսվում է օրենքը, եւ` նորից կեղծիք: Սկսում ենք կեղծիքից»:

Գարեգին Ազարյանի փոխանցմամբ, նոր օրենսգրքի դրույթների ուսուցումը 15-20 հազար մարդու համար սկսվելու է սեպտեմբերին եւ ավարտվելու է մինչեւ տարեվերջ` խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Ի դեպ, Կառավարության այսօր ընդունած որոշումներից մեկով կրկնապատկվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների աշխատավարձը: Այժմ հանձնաժողովի նախագահը կստանա 600 հազար դրամ, նախագահի տեղակալն ու հանձնաժողովի քարտուղարը` 510 հազարական, եւ անդամները` 450 հազարական դրամ:
please wait

No media source currently available

0:00 0:05:28 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG