Մատչելիության հղումներ

«Հարսնաքարի» միջադեպի առնչությամբ հարուցվել է քրեական գործ


«Հարսնաքար» համալիրը Սեւանի ափին:
«Հարսնաքար» համալիրը Սեւանի ափին:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ցուցումով այսօր քրեական գործ է հարուցվել օգոստոսի լույս 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:

Այս տեղեկությանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գլխավոր դատախազի խոսնակ Սոնա Տռուզյանը: Քրեական գործը հարուցվել է 128 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը:

Հիշեցնենք` օգոստոսի լույս 15-ի գիշերը «Հարսնաքար» ռեստորանային համալիրում հնչած կրակոցների արդյունքում 2 հոգի վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Քրեական գործ, սակայն, չէր հարուցվել:

Այսօր ավելի վաղ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու այդ դեպքի առիթով քրեական գործ չի հարուցվել` Աղվան Հովսեփյանը ասել էր. - «Ես այսօր մամուլից տեղեկացա, որ քրեական գործ հարուցված չէ: Հանձնարարել եմ, որ ստուգեն»:

Մամուլում, հիշեցնենք, հրապարակումներ կային այն մասին, որ ռեստորանային համալիրում անցկացվող հարսանեկան խնջույքի ժամանակ վեճ է ծագել, որին միջամտել է ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի թիկնապահը՝ Եզդի Աշոտ մականունով: Թերթերը գրում էին, որ նա կրակել եւ վիրավորել է երկու հոգու, որոնցից մեկը` 1978 թ. ծնված Նորիկ Աթոյանը, Սերժ Սարգսյանի եղբոր` Սաշիկ Սարգսյանի թիկնապահներից է:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու ոստիկանությունը մինչեւ օրս քրեական գործ չէր հարուցել, փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատասխանեց. - «Նյութերի նախապատրաստման փուլում զեկուցվել են նաեւ նյութերը, բնականաբար, դատախազությանը: Քանի որ մարմնական վնասվածքի աստիճանի որոշման խնդիրներ կային, փորձաքննությունների հետ կապված խնդիրներ կային, գործադրված հրազենը եղել է օրինական, ամրակցված հրազեն, հրազենի օգտագործման իրավաչափության եւ ոչ իրավաչափության հետ կապված խնդիրներ կային, այդ պարզ պատճառաբանությամբ է, որ քրեական գործ չի հարուցվել»:

«Նյութերի նախապատրասման փուլում լրիվությունը, օբյեկտիվությունը ապահովելու իմաստով զեկուցվել է պարբերաբար շրջանի դատախազին, որտեղ արձանագրվել է դեպքը: Եկել են այն եզրահանգման, որ այսօր պետք է հարուցեն», - հավելեց նա:

Փոխոստիկանապետը հերքեց այն տեղեկությունները, թե միջադեպի ժամանակ կրակողը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է եղել. - «Կողմերից մեկը ոչ թե Ռուբեն Հայրապետյանի թիկնապահն է, այլ «Հարսնաքարի» աշխատակիցը… Նա կրակել է անհրաժեշտ պաշտպանության սահմաններում: Մնացածը նախաքննության խնդիր է»:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով, այս պահի դրությամբ ձերբակալվածներ չկան:
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG