Մատչելիության հղումներ

Խորովածի երրորդ փառատոնը կանցկացվի Ախթալայում


«Խորովածը ոչ միայն կերակրատեսակ է, այլեւ ջերմային մշակման եղանակ», - ասաց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Խորովածի փառատոնն անցկացվում է 2009 թվականից: Այս տարի փառատոնին ներկայացված կլինեն խորովածի բոլոր ավանդական չորս տեսակները:

«Լինելու է թոնիրում պատրաստված խորոված, լինելու է «չոբան-խորոված» փոսի մեջ, պտտաձողի վրա եւ խորոված սովորական կրակարանների վրա: Կլինի նաեւ խորոված տարբեր մթերքներից՝ մրգերից, բանջարեղենից, թռչնամսից եւ ձկից », - ասաց Սեդրակ Մամուլյանը:

Այս տարի պետությունը փառատոնին հատկացրել է 3 միլիոն 200 հազար դրամ: Այս միջոցները ծախսվել են ազգային փոքրամասնություններին տրամադրվելիք 20 մետրանոց մանղալի, ներկայանալի տաղավարներ կառուցելու, խորոված անող դերասան Արմեն Ջիգարխանյանի բրոնզե արձանը պատրաստելու եւ մի շարք կազմակերպչական հարցերի վրա:

Փառատոնի կազմակերպիչները նպատակ ունեն վերականգնել եւ պահպանել հայկական խոհանոցի նկատմամբ հետաքրքրությունը: Սպասվում են հյուրեր Ռուսաստանից, Վրաստանից եւ այլ երկրներից: Ընդհանուր առմամբ կազմակերպիչներն ակնկալում են 5000 հոգու մասնակցություն: Փառատոնի ընթացքում խորովածը կվաճառվի, կազմակերպիչների վստահեցմամբ, խորհրդանշական գնով, իսկ մասնակիցները կմրցեն խորովածը պատրաստելու եղանակներում:

«Լինելու են լավագույն «համ ու հոտ», «տեսք», «մտահաղացում» եւ «ավանդական խորոված» անվանակարգերը», - նշեց Սեդրակ Մամուլյանը:

Խորովածի վաճառքից եւ մասնակիցների անդամավճարներից գոյացած գումարի մի մասը բարեգործական նպատակներով կտրամադրվի Ախթալայի թիվ 2 դպրոցին կամ մանկապարտեզին:
XS
SM
MD
LG