Մատչելիության հղումներ

«Քաղաքական դաշտում ստատուս քվոյի փոփոխություն է արձանագրվել»


«ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
«ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, ՀԱԿ - իշխանություն երկխոսության արդյունքում քաղաքական դաշտում ստատուս քվոյի փոփոխություն է արձանագրվել, եւ առաջիկա ընտրությունների շեմին Կոնգրեսը այլեւս այլընտրանք չէ իշխանություններին:

«Քաղաքական դաշտում ստեղծվել է հետեւյալ իրավիճակը. Հայ ազգային կոնգրեսը, որը 2008 թվականին այլընտրանք էր ընկալվում այս իշխանություններին, այսօր ուղղակի թե' կանխատեսումների մակարդակով, թե' պրակտիկ իրողությունների մակարդակով չի կարող ընկալվել այդպիսին», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պատգամավորը` փաստարկելով. - «Որովհետեւ այլընտրանք լինում են այն դեպքում, երբ բազմաթիվ վճռորոշ հարցերում ունենում են այլընտրանքային մոտեցումներ եւ գնահատականներ»:

Ուստի, Սաֆարյանի կարծիքով, լարվածություն է առաջացել «երկխոսողների եւ չերկխոսողների միջեւ»:

Անդրադառնալով երկխոսության բովանդակությանն ու ընթացքին` ընդդիմադիր պատգամավորը հեգնեց, թե այն վերածվել է «համապետական ընթերցանության երեկոյի»:

Ասուլիսին մասնակցում էր նաեւ իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը, եւ նրա կարծիքով` երկխոսությունը «կայանում է» եւ «քաղաքական դաշտը առողջացնելու լուրջ հայտ է ներկայացնում»:

ՀԱԿ-ի եւ իշխանության պատվիրակությունների երեկ կայացած հանդիպման ավարտին Կոնգրեսի պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վստահություն հայտնեց, թե կալանավորված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի խափանման միջոցը փոխելու հարցը արագորեն կկարգավորվի:

«Ժառանգություն» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը այսօր ասաց, թե քաղբանտարկյալ եզրույթը չարաշահվում է. - «Ես չունեմ մի փաստ, որ, օրինակ, այդ 7 երիտասարդներին ձերբակալել են նրա համար, որպեսզի քաղաքական շարժումը մարի կամ քաղաքական գործունեությունը դադարի: Քաղբանտարկյալ եզրույթը մեր իրականության մեջ հատկապես վերջին շրջանում չարաշահվում է, եւ շատ ցավալի է, որ քաղբանտարկյալը կարող է ազատ արձակվել գործարքով»:

«Այո, ցավոք, մեզ մոտ չարաշահվում եւ արժեզրկվում է: Այն պարագայում, երբ մեզ մոտ քաղբանտարկյալ հասկացություն գոյություն չի էլ ունեցել», - արձագանքեց Զաքարյանը` փաստարկելով. - «Չկա գոնե մեկը նմուշի համար, որ գոնե հասարակության 90 տոկոսն ընդունի, որ այս մարդը դատապարտվել է քաղաքական հայացքների համար»:
please wait

No media source currently available

0:00 0:03:06 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG