Մատչելիության հղումներ

Մոտ 20 տոկոսով թանկացել է շաքարավազը


Վերջին երկու օրերին մայրաքաղաքում մոտ 20 տոկոսով թանկացել է շաքարավազը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շաքարավազի թանկացման վերաբերյալ շուկայում գերիշխող դիրք գրավող «Ալեքս Գրիգ» ընկերությունից տեղեկատվություն ու փաստաթղթեր է պահանջել:

Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ հանձնաժողովի մոնիթորինգի խումբը վերջին երկու օրերին արձանագրել է շաքարավազի թանկացում շուրջ 80 դրամով` նախկին 350-ի փոխարեն մեկ կիլոգրամ շաքարավազը Երեւանում վաճառվում է 430 դրամով:

Սահակյանի խոսքով, ըստ գործող կարգի, «Ալեքս Գրիգ» ընկերությունն առաջիկա 10 օրվա ընթացքում պարտավոր է հանձնաժողով ներկայացնել թանկացման վերաբերյալ փաստաթղթային հիմնավորումներ. - «Պետք է տրամադրի բոլոր փաստաթղթերը այն մասին, թե ինչ գնով է ձեռք բերվել շաքարավազը, կոնկրետ որ երկրից է այն ձեռք բերվել, ինչ գնով է մաքսազերձում կատարվել եւ ինչ գնով է այն իրացվել, այսինքն` ինչ գնով է շաքարավազը վաճառվել խանութներին»:

Նա նաեւ նշեց, որ հանձնաժողովը նույնանման տեղեկություններ է պահանջելու նաեւ խոշոր սուպերմարկետներից, եւ բոլոր տեղեկությունները ստանալուց հետո կուսումնասիրի դրանք` հաշվի առնելով նաեւ միջազգային գները: Դրանից հետո հանձնաժողովը կարձանագրի շաքարավազի թանկացման անհիմն կամ հիմնավոր լինելը: Եթե արձանագրվի առաջինը, ապա հանձնաժողովը վարչական վարույթ կբացի «Ալեքս Գրիգ» ընկերության նկատմամբ:

«Եվ տնտեսվարողը վարչական պատասխանատվության կենթարկվի, եթե պարզվի, որ միջազգային գնաճ տեղի չի ունեցել կամ գնի բաղադրիչի որեւէ տարր, ըստ էության, չի թանկացել, բայց տեղի է ունեցել թանկացում», - հավելեց Սահակյանը:

«Ալեքս Գրիգ»-ի սեփականատերը` Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ լրատվամիջոցներին ասել էր, թե շաքարավազը թանկացել է միջազգային շուկայում դրա գնի բարձրացման պատճառով:

Հայաստան ներկրվող շաքարավազի ավելի քան 90 տոկոսը, հիշեցնենք, բաժին է ընկնում «Ալեքս Գրիգ» ընկերությանը:

Արդեն այսօր Երեւանի որոշ խանութներում շաքարավազը վաճառվում էր 400 դրամով, իսկ քաղաքի ծայրամասերի որոշ խանութներում շաքարավազ պարզապես չկար:

«Ազատություն» ռադիոկայանը հարցի շուրջ զրուցել է գնորդների եւ խանութների աշխատակիցների հետ:
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG