Մատչելիության հղումներ

Հինգ խոշոր ավազակային հարձակումները միավորվել են մեկ վարույթում


Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնարարել է մայրաքաղաքում արձանագրված հինգ ավազակային հարձակումների դեպքերով հարուցված քրեական գործերը միավորել մեկ վարույթում եւ դրանց նախաքննությունն իրականացնել համատեղ` քննությունը հանձնարարելով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:

Ինչպես տեղեկացնում է դատախազության մամուլի ծառայությունը, Աղվան Հովսեփյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ քննարկվել են Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջաններում արձանագրված եւ նույն ձեռագիրը ունեցող ավազակային հարձակումները: Այս հարձակումները կատարվել են վաղ առավոտյան` ժամը 04:30-06:00-ի սահմաններում: Հանցագործների թիվը եղել է 4-5, սեւ հագուստներով, սեւ դիմակներով եւ ձեռնոցներով, զինված հրազենով, ովքեր ընդհուպ բռնության գործադրմամբ հափշտակել են առանձնապես խոշոր չափերի գումար:

«Քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մայրաքաղաքում գործում է կայուն, զինված բանդա, որի բացահայտումը պետք է լինի քննության առաջնային նպատակը», - ասել է Աղվան Հովսեփյանը:

Գլխավոր դատախազը նաեւ ցուցում է տվել հարուցված քրեական գործերը վերաորակել Քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածով` բանդիտիզմ:

Հիշեցնենք, որ օրերս դիմակավորված 5 անձինք պատշգամբով մտել էին Կիլիկա թաղամասում գտնվող նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տուն, ծեծի էին ենթարկել նրան, կնոջը դստերը եւ զենքի սպառնալիքով գումար, որսկյա զարդեր եւ արժեքավոր նկարներ հափշտակել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG