Մատչելիության հղումներ

Հայ-իսրայելական քաղաքական խորհրդակցություններ Երեւանում


Օգոստոսի 22-23-ը Երեւանում կայացել է հայ-իսրայելյան քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը, որը վարել են Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը եւ Իսրայելի արտաքին գործերի նախարարության քաղաքական տնօրեն Փինխաս Ավիվին։

Ինչպես տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունը, խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան-Իսրայել համագործակցությանը վերաբերող խնդիրներ, մերձավորարեւելյան ու հարավկովկասյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Հիշեցնենք, որ Հայաստանը Իսրայելում դեսպանություն չունի, գործում է միայն հյուպատոսությունը: 2010 թվականի հոկտեմբերին Իսրայելը նոր դեսպան նշանակեց Հայաստանում: Այս նշանակումը շատ վերլուծաբաններ դիտարկեցին նոր տարածաշրջանային իրողությունների` թուրք-իսրայելական հարաբերությունների վատթարացման համատեքստում:

Համաձայն արտգործնախարարության հաղորդագրության, այսօր իսրայելյան պատվիրակությունն այցելել է Մայր Աթոռ սբ. Էջմիածին եւ հանդիպում ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հետ: Այնուհետեւ պատվիրակության անդամներն այցելել են Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձան եւ թանգարան։

Ցեղասպանության ճանաչման հարցը մի քանի անգամ եղել է Իսրայելի խորհրդարանի օրակարգում, սակայն հայտնվում էր Քնեսեթի պաշտպանության եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որտեղ էլ թուրք-ադրբեջանական լոբբիի ազդեցության եւ երկրի արտգործնախարարության ճնշումների ներքո չէր քննարկվում:

Այս տարվա մայիսին Քնեսեթը միաձայն որոշեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը փոխանցել խորհրդարանի կրթության հանձնաժողովին, ինչը Երուսաղեմի Հայ դատի պատասխանատուներից մեկի բնորոշմամբ` «մոտեցնում է Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրը»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG