Մատչելիության հղումներ

Նազարյանի գործով դատավարությունը կտեղափոխվի՞ Երեւան


Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած սպա Արտակ Նազարյանը:
Տավուշի մարզի զորամասերից մեկում մահացած սպա Արտակ Նազարյանը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում երկուշաբթի օրը հետաձգվեց անցյալ տարվա հուլիսին բանակում մահացած 30-ամյա սպա Արտակ Նազարյանի գործով դատավարությունը` մեղադրող կողմի բացակայության պատճառով:

Դատավոր Սամվել Մադանյանը հայտարարեց, որ մեղադրողը գրավոր տեղեկացրել է, թե արձակուրդում է եւ խնդրել է նիստը նշանակել սեպտեմբերի 1-ից հետո: Նիստին չէին ներկայացել նաեւ 5 ամբաստանյալները:

Նիստը հետաձգելու մասին հայտարարությունը վրդովմունքով ընդունեցին Արտակ Նազարյանի հարազատները, ինչպես նաեւ նախորդ տարիներին բանակում սպանված զինվորներից մի քանիսի ծնողները:

«Սա նշանակում է մի ստոր խաղ, որ կարող են զինվորին սպանել եւ մի շղարշ, մի ծածկոց քաշել իրական սպանողների վրա` նրանց պատսպարելով», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Արտակ Նազարյանի հայրը` Սինար Նազարյանը` հավելելով, թե դատավարության նման մեկնարկը չի նշանակում, որ իրենք հրաժարվելու են գործի բացահայտմանը հասնելուց:

Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Մուշեղ Շուշանյանի գնահատմամբ, դատավարության նման մեկնարկը ակնհայտ է դարձնում մեղադրող կողմի վերաբերմունքը. - «Միայն այն հանգամանքը, որ Երեւանից Բերդ հասնելը 200 կիլոմետր տարածություն է եւ չորս ժամ է ճանապարհը տեւում, գոնե դա հաշվի առնելով, նախապես պետք է դատարանը տեղեկացներ: Մենք պատրաստվում ենք քրեական գործի տարածքային ընդդատությունը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել»:

Սինար Նազարյանը համոզիչ չի համարում նախաքննական մարմնի վարկածը, նա պնդում է, որ որդուն ոչ թե հասցրել են ինքնասպանության, այլ սպանել են:

Նազարյանը, հիշեցնենք, Տավուշի մարզի զորամասերից մեկում հրազենից մահացել է անցած տարվա ամռանը: Քննիչները առաջ են քաշել ինքնասպանության վարկածը: Ձերբակալվել են դասակի հրամանատարը, գումարտակի հրամանատարի տեղակալը եւ երեք ժամկետային զինծառայողներ, ովքեր, ըստ նախաքննության, ինքնասպանության են հասցրել Նազարյանին:

Դատական հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 5-ին:
please wait

No media source currently available

0:00 0:04:56 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG