Մատչելիության հղումներ

14 օր՝ Հայաստանում, մի քանի ժամ՝ զորամասում. սփյուռքահայ երիտասարդները ծանոթանում են հայրենիքին


Սփյուռքահայ երիտասարդները 14 օր Հայաստանում
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

«Արի տուն» ծրագրի 7-րդ փուլին կմասնակցեն 65 երիտասարդներ 11 երկրներից՝ Բուլղարիայից, Ավստրիայից, Ուզբեկստանից եւ այլ երկրներից:

«Ես առաջին անգամ Թուրքիայից դուրս եկա: Դե գիտեք, որ հայկական ընտանիքներն այդպիսին են. չեն ուզում, որ իրենց երեխան հեռու գնա: Համոզելը մի քիչ երկար տեւեց, բայց հիմա զանգահարեցի իրենց եւ իրենք էլ շատ գոհ են, որ եկել եմ այստեղ», - ասաց քսանմեկամյա Լարան, ով առաջին անգամ է Հայաստանում:

«Շատ լավ տրամադրվածությամբ ենք եկել: Մեր հյուրընկալ ընտանիքները մեզ հարազատների պես դիմավորեցին», - ավելացրեց Զեփյուռը:

«Մենք ապրում ենք Քասախի ընտանիքներում: Շատ հյուրընկալ ընտանիքներ են, - ասաց Ասյան Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքից:

Զեփյուռը, Լարան ու Ասյան Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի 7-րդ փուլի մասնակիցներից են: Ծրագրի նախորդ 6 փուլերի ընթացքում արդեն Հայաստանում են եղել մոտ 720 երիտասարդներ աշխարհի 27 երկրներից:

Սփյուռքի նախարարության համահայկական ծրագրերի վարչության պետ Ատոմ Մխիթարյանը նշեց, որ 7-րդ փուլի շրջանակներում երիտասարդները Հայաստանում կանցկացնեն 14 օր, որոնցից չորսը` ճամբարում:

«Ճամբարում հնարավորություն կունենաք դասախոսություններ լսել, խաղեր խաղալ: Բացի այդ, մի քանի ժամ կանցկացնեք զորամասում՝ կծանոթանաք հայկական բանակի կյանքին: Ձեզ նաեւ ցույց կտանք [Հայաստանի] տեսարժան վայրերը, որոնց մասին գուցե կարդացել կամ լսել եք եւ հիմա եկել եք՝ տեսնեք, շոշափեք», - ասաց նա:

«Շատ կուզեի տեսնել Էջմիածինը, Սեւանում լինել» , - ասաց Այսան:

«Կուզեմ Լոռի գնամ, որովհետու անունս Լորի է», - ասաց Լիբանանից եկած Լորին:

Ասյան եւ Լորին ասացին, որ իրենց երկրներում շատերի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ դրական է, բազմաթիվ ռուսներ եւ լիբանանցիներ հաճախ գալիս են Հայաստան:

«Թուրքեր կան, որ հայերին չեն սիրում», - ասաց Զեփյուռը:

«Չեն սիրում, որովհետեւ չեն ճանաչում: Երբ ճանաչեն, կսիրեն», - հավելեց Լարան:

-
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG