Մատչելիության հղումներ

Գետնանցումի կրպարկների աշխատողները բողոքում են


Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի կրպակները
Աբովյան-Կորյուն փողոցների գետնանցումի կրպակները
Ուրբաթ օրը նախագահական նստավայրի դիմաց էին հավաքվել Երեւանի Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկի գետնանցումում առեւտրով զբաղվող մարդիկ: Նրանց հասած տեղեկություններով` քաղաքապետարանը մտադիր է աճուրդով վաճառել գետնանցումը: Առեւտրականները համոզված են, որ կզրկվեն աշխատանքից:

«Կոնկրետ այս պահին խոսակցություն է գնում, որ գետնանցումի վրա ամպեր են կուտակվել, որ կարող է աճուրդով դա մեր ձեռքից վերցնեն», - ասաց հավաքվածներից մեկը:

«Հասկանալի չէ, թե անցումը ինչպե՞ս կարելի է վաճառել: Այսքան տարի ոչ մեկի մտքով չի անցել անցումը վաճառել», - ասում էր մեկ այլ առեւտրական:

Այդ գետնանցումում 43 առեւտրի կետ կա, որտեղ հագուստ, բջջային հեռախոսներ, ձայնասկավառակներ, օծանելիք, ծաղիկներ եւ այլ իրեր են վաճառվում: Առեւտրականները պատմում են, որ անցած տարի իրենց միջոցներով` մոտ 22 միլիոն դրամ են ծախսել եւ բարեկարգել գետնանցումը:

«Էդ 22 միլիոնը հո՞ օդից չի եկել, մենք դա աշխատել ենք, մեր երեխաների բերանից ենք կտրել», - ասում էր առեւտրականներից մեկը:

Նրանք մատնացույց են անում հարակից Մոսկովյան-Աբովյան փողոցների գետնանցումը, որը, նրանց հասած տեղեկություններով, արդեն գնել է գործարար Միխայիլ Բաղդասարովը: Գետնանցումում առեւտրով զբաղվող մարդկանցից շատերը երկար տարիներ իրենց տարածքներն ունեն, ասում են` դա իրենց ապրուստի միակ միջոցն է:

«Եթե մեր խանութը մեր ձեռքից վերցնեն, ստիպված կլինենք գնալ դուրս, որովհետեւ մեր երեխաներին չենք կարողանա պահել: Հացի խնդիր է», - ասում էր բողոքող առեւտրականներից մեկը:

Բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսին ընդունեց նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը:
Հանդիպման մասնակիցներից մեկը պատմեց, որ նախագահականում հաստատել են, թե առաջիկայում իսկապես տարածքի գնման համար մրցույթ է հայտարարվելու:

«Ասաց` տեղյակ եմ դրանից, ես քաղաքապետ չեմ, բայց ձեզ հետ անպայման բանակցություններ վարվելու են: Առանց բանակցությունների որեւէ բան չի արվի, անկախ նրանից, թե ով կգնի այդ գետնանցումը», - ասաց առեւտրականը` հավելելով, թե Հովսեփյանը իրենց առաջարկել է «հավաքվել, համատեղ գումար դնել» եւ մասնակցել մրցույթին:

Այս պատասխանը առաջացրեց կրպակատերերի դժգոհությունը: Նրանց խոսքով` դա նշանակում է անորոշ վիճակ, եւ որ հաշված օրերի ընթացքում իրենք կարող են ամեն ինչ կորցնել:

«Մենք չունենք այդքան գումար, որ մյուսների հետ մրցույթին մասնակցենք», - ասաց այս պատասխանից դժգոհ առեւտրականներից մեկը:

Երեւանի քաղաքապետարանից «Ազատություն» ռադիոկայանի` այդ խնդրի վերաբերյալ հարցմանը չպատասխանեցին:
please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG