Մատչելիության հղումներ

ՏԻՄ մասին օրենքի փոփոխություններ ԼՂ-ում


Ղարաբաղցի պատգամավորները կարծում են, թե համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար կրթություն ունենալը պարտադիր պայման չէ, իսկ նման պայման դնելը մարդու իրավունքների խախտում է:

Այդ պատճառով սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախաշեմին ղարաբաղցի խորհրդարանականները հանդես են եկել Ընտրական օրենսգրքում եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում որոշ փոփոխություններ մտցնելու օրենսդրական առաջարկով: Մասնավորապես, առաջարկվեց ուժը կորցրած ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի այն կետերը, որոնք կրթական ցենզ են սահմանում համայնքապետ պաշտոնում ընտրվելու համար: Այսինքն ՏԻՄ մարմիններում պաշտոններ զբաղեցնել ցանկացողների համար բարձրագույն եւ նույնիսկ միջին մասնագիտական կրթությունն ամենեւին էլ պարտադիր պայման չէ:

«Փաստորեն ԼՂ Սահմանադրությամբ ընտրովի պաշտոնների` ԼՂ նախագահի, ԼՂ Ազգային ժողովի պատգամավորի համար կրթական ցենզ չի նախատեսվում, սակայն ըստ «Տեղական ինքնակառավարման մասին» ԼՂ օրենքի` համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար պահանջվում է առնվազն միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում օրենսդրական նախաձեռնության հեղինակ պատգամավոր Վլադիկ Կասյանն այսպես է հիմնավորում իր առաջարկը:

Ի դեպ, օրենսդրական այս նախաձեռնությունը ողջունել է ԼՂ-ի Մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը:

«Այս երկու օրենքներում մեր Սահմանադրության հետ հակասություն ունենալը առաջացնում է մարդու իրավունքների խախտման վտանգներ», - ասաց Հայրապետյանը:

Սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղի 227 համայնքներից 209-ում տեղի կունենան ՏԻՄ հերթական 5-րդ ընտրությունները: Օգոստոսի 19-ից ԼՂ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում կսկսվի թեկնածուների գրանցումը:

Ստեփանակերտի քաղաքապետի հնարավոր թեկնածուի մասին շրջանառվում է հիմնականում կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Սուրեն Գրիգորյանի անունը: Գործող քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, համաձայն շրջանառվող լուրերի, չի առաջադրվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG