Մատչելիության հղումներ

Մոնիտորինգ Yerevan City-ում` ժամկետանց մանկական սննդի վաճառքի առնչությամբ


Գործարար պատգամավոր, Yerevan City սուպերմարկետների սեփականատեր Սամվել Ալեքսանյան
Yerevan City սուպերմարկետներից մեկում ժամկետանց մանկական սննդի վաճառքի վերաբերյալ ստացված դիմում-բողոքի հիման վրա այդ սուպերմարկետների ցանցում մոնիտորինգ է անցկացվում:

Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Սննդամթերքի անվտանգության տեսչության պետ Արթուր Վարժապետյանը:

«Կասեցվել է ընդհանրապես ժամկետանց սննդամթերքի` վարսակի շիլայի իրացումը Yerevan City-ում, եւ այսօրվա մեր շրջայցի նպատակն էլ այն էր, որ վերստուգենք, նայենք, թե իրականանում մնացե՞լ են նորմալները, թե՞ էլի կա [ժամկետանց մանկական սնունդ]», - ասաց Վարժապետյանը:

Վարժապետյանը ասաց, թե Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիմել է Հայաստանի վարչապետին` թույլտվություն ստանալու ստուգումներ (եւ ոչ թե միայն մոնիտորինգ) անցկացնելու համար, որից հետո էլ կարվեն համապատասխան եզրակացություններ:

Երեկ Hetq.am պարբերականը հանդես եկավ հրապարակմամբ, ըստ որի, Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող Yerevan City սուպերմարկետներից մեկում վաճառվում է ժամկետանց մանկական սնունդ: Քաղաքացի Տաթեւիկ Ղարիբյանը Երեւանի Ծերեթելի-Բագրատունյաց խաչմերուկի Yerevan City-ից գնել էր Preston ֆիրմայի վարսակի շիլա եւ, վատ հոտ առնելով այդ շիլայից, տուփի վրա սոսնձնված ժամկետի մասին գրությունը պոկելով հայտնաբերել էր, որ շիլայի պիտանելիության ժամկետը ավարտվել է դեռ անցած տարի, մինչդեռ նոր` սոսնձված պիտակի վրա նշված է եղել այլ պիտանելիության ժամկետ, որը դեռ ուժի մեջ է եղել:

Տաթեւիկ Ղարիբյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե Hetq.am-ին փոխանցածից բացի, ավելացնելու բան չունի: Իսկ Hetq.am-ին նա ասել էր հետեւյալը. - «Չորեքշաբթի օրը Բագրատունյաց-Ծերեթելի խաչմերուկի Yerevan City սուպերմարկետից գնեցի վարսակի շիլա աղիքային հիվանդ երեխայի համար, որը հիվանդանոցում պառկած էր: Գնելուց, բնականաբար, նայեցի ժամկետին, ժամկետը նորմալ էր, բայց երբ որ համը տեսա, սարսափելի հին ու տհաճ համ ուներ: Երբ պոկեցի ժամկետի պիտակը, տակը պարզորոշ երեւաց, որ անցած ժամկետի վրա նոր ժամկետ է կպցրած ու մինիմում կես տարվա հնություն ունի շիլան», - ասել էր Ղարիբյանը:

Yerevan City սուպերմարկետների ցանցի լրատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնի պետ Դավիթ Մարտիրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հերքեց տեղեկությունը, թե Yerevan City-ում ժամկետանց մանկական սնունդ է վաճառվել:

«Ե'վ այս կապակցությամբ, ե'ւ բոլոր նման տիպի հարցերի հետ կապված` Yerevan City սուպերմարկետների ցանցում ընդհանրապես ժամկետանց ապրանքատեսականի չի վաճառվում: Իսկ եթե ցանկություն կարող է լինել, մենք ունենք բոլոր փաստաթղթերը, փաստարկները, թղթաբանությունը` կապված մեր ապրանքատեսականիի ժամկետի մեջ գտնվելու փաստարկների հետ: Այնպես որ նման տիպի ապրանքատեսականի Yerevan City-ում ընդհանրապես չի վաճառվում եւ չի վաճառվել», - ասաց Մարտիրոսյանը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG