Մատչելիության հղումներ

ԱՊՀ հոբելյանական գագաթնաժողովին չմասնակցելու` Ալիեւի որոշումը գնահատվել է որպես «դեմարշ»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի մասնակցելու ԱՊՀ-ի 20-նամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

ԱՊՀ անդամ երկրների գագաթնաժողովը գումարվելու է սեպտեմբերի 2-ից 3-ը՝ Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում։ «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, գագաթնաժողովին ամենաբարձր մակարդակով մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Հայաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Մոլդովան եւ Թուրքմենստանը։ Բելառուսը, Ուզբեկստանն ու Ուկրաինան դեռ չեն պատասխանել։

Գագաթնաժողովին չմասնակցելու՝ Իլհամ Ալիեւի որոշման մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` հավելելով, թե Ադրբեջանը գագաթնաժողովին կներկայանա վարչապետ Արթուր Ռասիզադեի մակարդակով։ Պաշտոնական որեւէ հիմնավորում չի ներկայացվել։

Մինչդեռ եւ ադրբեջանական եւ ռուսական մամուլը եզրակացնում են, որ սա դեմարշ է պաշտոնական Բաքվի կողմից. Բաքուն այսպիսով իր դժգոհությունն է արտահայտում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացից եւ Ռուսաստանի միջնորդական ջանքերից:

Ռուսական «Նեզավիսիմայա գազետայի» մեկնաբանի կարծիքով գագաթնաժողովից հրաժարվելու պատճառը Սոչիում օգոստոսի 9-ին Դմիտրի Մեդվեդեւ- Իլհամ Ալիեւ «չհաջողված» բանակցություններն էին։

Ադրբեջանական «Զերկալոն», ընդգծելով, որ Սոչիում Դմիտրի Մեդվեդեւն ըստ էության առաջարկել կողմնորոշվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրում` հաշվի առնելով կազանյան հանդիպման արդյունքները, որը «ձախողված» գնահատականին էր արժանացրել, գրում է. - «ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությունից հրաժարվելու՝ Ադրբեջանի նախագահի որոշումը հաջորդեց ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որի ժամանակ Դմիտրի Մեդվեդեւը հանդիպել է Սերժ Սարգսյանին։ Ռուսական կողմից այս հանդիպումների վերաբերյալ ինֆորմացիայի լիակատար բացակայությունը ավելի քան համոզիչ ապացույց է այն բանի, որ Մեդվեդեւին չի հաջողվել համոզել Սերժ Սարգսյանին եւ չի հաջողվել մոտեցնել կողմերի տեսակետները։ Այսպիսով պաշտոնական Բաքվի դեմարշը վկայում է, որ այս իրավիճակում Ադրբեջանի նախագահը անիմաստ է համարում մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին, որտեղ կարող էր կայանալ եռակողմ ձեւաչափով նախագահների նոր հանդիպում։ Հետեւաբար՝ նա քննարկելու ոչինչ չունի Ռուսաստանի եւ Հայաստանի իր գործընկերների հետ»,- գրում է պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG