Մատչելիության հղումներ

Ըստ Բագրատյանի, գերատեսչությունները ոչ ճիշտ տեղեկատվություն են տարածում


Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Գնահատելով Պետեկամուտների կոմիտեի` օրերս հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ որի, հիշեցնենք, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ, այս տարվա առաջին վեց ամիսներին խոշոր հարկատուները 23.3 միլիարդ դրամով ավելի հարկ ու տուրք են մուծել` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե «ուրախանալու բան, ըստ էության, չկա», քանի որ գնահատականներ տալիս շատ հաճախ հաշվի չեն առնվում որոշ էական հանգամանքներ:

«11.2 տոկոսով ավելի է, քան 2010-ին. բոլորը սկսեցին ոգեւորվել… Ի՞նչ է պարզվում: Պարզվում է, որ եթե գումարում ենք տնտեսական աճ գումարած ինֆլյացիա, որը վեց ամսում կազմել է 9.9 տոկոս, տնտեսական աճը սպասվում է 3 տոկոս: Ստացվե՞ց 12.9: Պարզվում է` տեսակարար կշիռն իջել է խոշորի», - հայտարարեց նախկին վարչապետը` պարզաբանելով. - «Այսպիսի ինֆորմացիաներին, որոնք պատասխանատու ֆինանսական գերատեսչությունների կողմից տարածվում են, եթե մի փոքր ուշադիր ես վերաբերվում` մասնագիտական աչքով, անմիջապես հասկանում ես, որ ճիշտ չի ասվում: Հակառակն է եղել: Որ 11 տոկոս ավելացնելը հարկերի նշանակում է խոշորի տեսակարար կշռի իրականում պակասեցում: Նշանակում է` ստվերի աճեցում, նշանակում է` արտագաղթ, նշանակում է` եւս մի քանի (մինչեւ 1000-1200) փոքր ձեռնարկությունների փակում եւ այլն, եւ այլն»:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` Բագրատյանը նշեց, որ կոռուպցիայի հաղթահարմանը,ստվերի նվազեցմանը եւ մանր ու միջին ձեռներեցության խթանմանն առնչվող կառավարության կողմից արդեն տարիներ շարունակ հնչեցվող խոստումների կատարման ուղղությամբ ոչինչ չի արվել:

Հարցին, թե ինչ է պետք անել, նախկին վարչապետը պատասխանեց. - «Կոնկրետ այս կառավարության պարագայում մեծ հաջողության կհասնեն, եթե ոչինչ չանեն, որովհետեւ հակառակ ուղղությամբ է հաճախ ամեն ինչը արվում: Ի՞նչ է պետք անել… Կարող եմ 2 քայլ ասել, կարող եմ 12-ն ասել, 100-ն ասել: Պետք է սկսել տամոժնյայից` կարգուկանոն հաստատել, վաղը եւեթ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը պետք է ասեն, որ ցանկացած մարդ կարող է, օրինակ, շաքար բերել»:

Ապա, ըստ Բագրատյանի, հարկ է հիմնովին փոխել Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականությունը:

«Մենք չենք կարող անընդհատ ֆինանսավորել դրամի փոխարժեքը», - ասաց բանախոսը: - «Ինձ անմիջապես ասում են, թե հիմա չեն ֆինանսավորում, կուրսն ազատ է: Կուրսն ազատ չէ, որովհետեւ տրանսֆերտները չեն ստերիլիզացվում… Եթե տրանսֆերտները չեն ստերիլիզացվում, ուրեմն տարեկան 1.5-2 միլիարդ դոլար հայ ժողովուրդը սփյուռքի օգնությունը ուղղում է` ֆինանսավորելու կուրսը: Մենք ունենք դրամի արհեստական կուրս… Անընդհատ ասում ենք` գոնե այս անգամ կթողնեն արժեզրկվի, բայց արժեվորվում է, որովհետեւ իրենք գտնում են, որ միայն դրամի արժեվորման շնորհիվ է, որ հնարավոր է զսպել ինֆլյացիան»:

Մինչդեռ, նախկին վարչապետի համոզմամբ, ինֆլյացիայի զսպման մեխանիզմը դրամի կուրսի ֆինանսավորումը չպետք է լինի. - «Ինֆլյացիայի զսպման մեխանիզմը [այն է], որ Պողոսը չէ միայն դեղամթերքը բերում, Պետրոսը չէ միայն շաքարավազը բերում… Այդ դեպքում կտեսնեք` ոնց կիջնեն: Հայտարարեցին, որ հունիս ամսվա ընթացքում ինֆլյացիան 9.9-ից 3 տոկոսով իջել է, որ սա հաջողություն է, որ իբր տեսեք` մի քիչ ուշացումով, բայց Հանրապետության նախագահի առաջադրանքը Կենտրոնական բանկը կատարում է: Բայց դրան կար պատասխան` այ ընկերներ, դուք 3 տոկոս դրամական ինֆլյացիան իջեցրել եք, բայց 4 տոկոս դոլարային ինֆլյացիա ենք ստացել: Բնակչություն եկամուտների 60 տոկոսը դրամ է, 40 տոկոսը դոլար է: Այդ 40 տոկոսն է հիմա էլ տուժում»:

Վերջերս Հայ ազգային կոնգրեսը կոալիցիան էր ներկայացրել 76 պատգամավորների ցանկ, որոնք, ինչպես նշվում էր, խախտելով Սահմանադրության 65-րդ հոդվածը, զբաղվում են ձեռնարկատիրությամբ:

Անդրադառնալով այս հարցին` Բագրատյանը, մասնավորապես նշեց, թե հակափաստարկը, որ նրանք բիզնեսները հանձնում են հավատարմագրային կառավարման, ոչ մի քննություն չի բռնում. - «Չի կարելի հավատարմագրային կառավարման որոշմամբ ժխտել, բացասել սահմանադրական հոդվածը: Սահմանադրությունը շրջանցում ենք հավատարմագրային կառավարմամբ… Եղբայր, եթե հանձնել եք հավատարմագրային կառավարման, ուրեմն ստեղծեք այդ պետական մարմինը, թող այդ պետական մարմինը հայտնի, որ ընդունեցի Պողոսից, որը դարձել է դեպուտատ, ակտիվները: Երբ որ Պողոսը կդադարի դեպուտատ լինելուց, ակտիվները հետ եմ տալիս»:

«Իսկ դա մենք վաղուց առաջարկել ենք «100 քայլ» ծրագրում», - հիշեցրեց Հայաստանի նախկին վարչապետը:
please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG