Մատչելիության հղումներ

ՀԱԿ - իշխանություն հանդիպմանը ընդդիմադիր ակտիվիստների ազատ արձակման հարցը «չի քննարկվել»


Իշխանական պատվիրակության Հանրապետական անդամ Գագիկ Մինասյան
Իշխանական պատվիրակության Հանրապետական անդամ Գագիկ Մինասյան
Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանական պատվիրակության Հանրապետական անդամ Գագիկ Մինասյանի փոխանցմամբ, երեկ ՀԱԿ պատվիրակության անդամների հետ կայացած հանդիպման ընթացքում Կոնգրեսի կալանավորված ակտիվիստներին ազատ արձակելու հարցը չի քննարկվել:

Մասնավորապես, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք երեկ շոշափել են ՀԱԿ երիտասարդներին ազատ արձակելու հարցը, Գագիկ Մինասյանն ասաց. - «Իհարկե, ոչ` դա իրավաբանական ոլորտում գտնվող հարց է»:

Գագիկ Մինասյանի փոխանցմամբ , ՀԱԿ-ը երեկ նաեւ այդ երիտասարդներին ազատ արձակելու խնդիր իրենց առջեւ չի դրել, իրենք էլ որեւէ խոստում չեն տվել. - «Ո՞նց կարող ենք մենք այդպիսի հարցեր քննարկել, երբ որ դա իրավաբանական ոլորտում` այդ ընթացակարգերով գոյություն ունեցող պրոցեսների հետ է կապված»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում կողմերը ի՞նչ են քննարկել երկու ժամ շարունակ, Մինասյանը պատասխանեց. - «Ուրիշ շատ բաներ կան քննարկելու: Այ, երբ որ դուք մի քիչ մեծանաք եւ հասնեք երկխոսողների մակարդակին, կիմանաք, որ հնարավոր է նաեւ քննարկել դրան վերաբերող հարցեր` առանց այդ հարցի քննարկման»:

Հարցին, թե իշխանությունը ՀԱԿ-ին կալանավորված ակտիվիստների հարցով որեւէ խոստում տվե՞լ է (օրինակ, նրանց ազատ արձակելու կամ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ), Մինասյանը արձագանքեց. - «Իհարկե, ոչ, ի՞նչ խոստման մասին կարող է լինել խոսքը: Այնտեղ որեւէ իրավաբան չկար նստած, որը պետական կառավարման մարմնի ներկայացուցիչ է: Գործընթաց է գնում, հետաքննություն է գնում, ինչպե՞ս կարող է որեւէ մեկը, այդ թվում նաեւ մասնագիտությամբ իրավաբանը, այդպիսի խոստում տալ»:


ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյան
«Ազատություն» ռադիոկայանը փորձեց ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանից պարզել, թե արդյո՞ք իրականությանը համապատասխանում է Գագիկ Մինասյանի այն պնդումը, որ տղաների ազատ արձակման հարցը երեկվա հանդիպման ընթացքում չի քննարկվել:

«Մենք պայմանավորվել ենք քննարկման մասին առայժմ որեւէ մեկնաբանություն չանել: Ցավում եմ, եթե իսկապես այդ պայմանավորվածությունը խախտվել է, առավել եւս` եթե տրվել է նման ապատեղեկատվություն», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց ՀԱԿ պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Գագիկ Մինասյանն ասաց, թե որեւէ հստակ բան ասել չի կարող ասել այն մասին, թե հնարավո՞ր է մինչեւ ուրբաթ, երբ պետք է տեղի ունենա ՀԱԿ-իշխանություն երկխոսության 6-րդ ռաունդը, Կոնգրեսի կալանավորված 3 անդամների խափանման միջոցը փոխվի: Նա ասաց, թե ինքը հեռու է այդ ոլորտից:

Իշխանական պատվիրակության անդամը նաեւ խուսափեց առայժմ կոնկրետ պատասխան տալ այն, հարցին, թե ո՞վ է մեղավոր այդ միջադեպի համար:

«Ես կարծում եմ, որ իրավական գործընթացներում կարծիք արտահայտելը ճիշտ չէ», - ասաց նա:

Գագիկ Մինասյանը «անհեթեթություն» որակեց ՀԱԿ-ի այն պնդումները, թե կալանավորված ակտիվիստները քաղաքական բանտարկյալներ են:

Մինասյանը նշեց, թե պետք է արձանագրել, որ ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը շարունակվում է: Նա նաեւ համոզմունք հայտնեց, որ ՀԱԿ-ը չի դադարեցնի իշխանության հետ երկխոսությունը, որովհետեւ «դա տրամաբանությունից դուրս է»:
please wait

No media source currently available

0:00 0:04:03 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG