Մատչելիության հղումներ

Քաղաքական մեկնաբան. «ՀԱԿ-ը, երկխոսությունը շարունակելով, նահանջում է»


Իշխանության եւ ՀԱԿ-ի ներկայացուցիների առաջին հանդիպումը, 18 հուլիս, 2011
Իշխանության եւ ՀԱԿ-ի ներկայացուցիների առաջին հանդիպումը, 18 հուլիս, 2011
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), շարունակելով երկխոսել իշխանության հետ, նահանջում է իր դիրքերից:

«Կոնգրեսը փաստացի նահանջում է իր նախնական դիրքից: Քաղբանտարկյալների առկայությունը պայման համարելով, որ նրանք պիտի չլինի, որ երկխոսություն լինի, ՀԱԿ-ը նահանջում է: ՀԱԿ-ը քաղբանտարկյալ է հայտարարում այն երիտասարդներին, որոնք կալանավորվել են, բայց հռչակելով, որ նրանք քաղբանտարկյալներն են, այդուհանդերձ ոչ թե պայման է դնում, որ դադարեցնում է [երկխոսությունը] եւ չի շարունակի մինչեւ երիտասարդների ազատ արձակումը, այլ փաստացի մտնում է բանակցության մեջ եւ շարունակում է երկխոսությունը», - ասաց Հակոբ Բադալյանը:

ՀԱԿ-ի եւ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչներ Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Հարությունյանի այսօրվա հայտարարությունից Բադալյանը այն տպավորությունն է ստացել, որ հանդիպումները կշարունակվեն: Քաղաքական մեկնաբանը, սակայն, անհրաժեշտ համարեց անդրադառնալ երկխոսության շրջանակներում տեղի ունեցող հանդիպումների ձեւաչափին:

«Հանդիպումները կարծես թե մտնում են ինչ-որ փակ շրջանի մեջ, որը, ըստ էության, հակասում է բաց, հրապարակային երկխոսության մասին այն հայտարարություններին, որոնք անում էր ՀԱԿ-ը: Հասկանալի է, որ այդ պարագայում ՀԱԿ-ը գուցե որպես առաջնային խնդիր է դիտարկում կալանավորված երեք ակտիվիստ երիտասարդների ազատ արձակումը, եւ այդ խնդրից ելնելով էլ, մարտավարական ինչ-որ նկատառումներով համաձայնվել է գոնե առայժմ փակ բանակցություն վարել, բայց նաեւ ակնհայտ է դառնում, որ ՀԱԿ-ը նահանջում է իր նախնական դիրքից, եւ իշխանությանը կարծես թե հաջողվում է առիթը օգտագործել եւ Կոնգրեսին գոնե այս պահին դնել այն ընթացքի մեջ, որը իրեն է հաճո եւ շահեկան», - կարծում է Բադալյանը:

Չնայած ՀԱԿ-ի ներկայացուցիչները այս օրերին չէին բացառում, որ ՀԱԿ-ի ակտիվիստների եւ ոստիկանության միջեւ արձանագրված միջադեպը կարող է անգամ դառնալ երկխոսության դադարեցման հիմք, սակայն այսօր կողմերը հաջորդ հանդիպման մասին, այնուամենայնիվ, պայմանավորվածություն ձեռք բերեցին:

Հրապարակախոս Արթուր Ազարյանի կարծիքով` երիտասարդների բախումը ոստիկանների հետ քաղաքական մեծամասշտաբ ակցիայի չարժե վերածել:

«Թե' ոստիկանության կերպարն է մեզ հայտնի, թե' ՀԱԿ ակտիվիստների ցանկությունը` «հիմա»-ին միտվող ցանկությունը: Տղեկների բախումը իրավակարգի հետ էպիզոդ պիտի լիներ, ոչ թե քաղաքական հնչեղություն ձեռք բերեր: Բայց այսօր փորձ է արվում լվից փիղ սարքել», - ասաց Ազարյանը:

Արթուր Ազարյանի գնահատմամբ` երկխոսությունն այս պահին շարունակելով էլ հարց չի լուծվի. այն դատապարտված է ձախողման, քանի որ, հրապարակախոսի կարծիքով, կողմերը իրար չեն հասկանում: Անդրադառնալով երկխոսության օրակարգում գտնվող եւ ընդդիմության կողմից բարձրացվող արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցին` Ազարյանն ասաց, թե Հայաստանում անգամ արտահերթ ընտրությունը չի կարող ազնիվ անցնել:

«Այսօր հաց հանապազօրյայի խնդիրը չլուծած, մենք չենք կարող դեմոկրատական կարգերի, ժողովրդավարության, լիբերալիզմի մասին բաներ ասել», - ասաց Ազարյանը:
please wait

No media source currently available

0:00 0:04:20 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG