Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հրաժարվում է С-300-ներից


Ռուսաստանի Զինված ուժերի ղեկավարությունն ընդունել է С-300 տեսակի զենիթա-հրթիռային համակարգերի արտադրությունը դադարեցնելու որոշում։ Դրանց փոխարինելու են երկու գնդերի եւ դիվիզիոնների համար փորձնական կարգով արդեն թողարկված С-400-ները, կամ էլ ավելի կատարելագործված С-500 համակարգերը, որոնք սակայն կարտադրվեն միայն 2015 թվականին։

Օդային-տիեզերական պաշտպանության արտագերատեսչական խորհրդի համանախագահ Իգոր Աշուրբեյլին «Տրուդ» օրաթերթին հայտնել է, որ բուն Ռուսաստանի զինված ուժերը С-300 համակարգեր վերջին անգամ 1994 թվականին են գնել։

Դրանից հետո С-300-ներ թողարկվել են միայն արտահանման նպատակով: Այս ընթացքում համակարգերը պատվիրել են 18 պետություններ, այդ թվում` Չինաստանը, Վենեսուելան, Վիետնամը, Իրանը, Բուլղարիան, Հայաստանը եւ Ադրբեջանը։

Ըստ պաշտոնապես չհաստատված տվյալների` Երեւանն ու Բաքուն ունեն առնվազն երկուական դիվիզիոն։

С-300-ը միջին շառավիղի զենիթա-հրթիռային համակարգ է, ունի հայտնաբերման ռադիոտեղորոշիչ սարքով հրամանատարական կետ, որի կառավարման տակ է գտնվում մինչեւ 6 կայանք։ Համակարգը կոչված է խոշոր արդյունաբերական եւ վարչական օբյեկտները պաշտպանել թշնամու օդային-տիեզերական գրոհներից, ինչպես նաեւ ոչնչացնել ցամաքային թիրախներ։

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինն ասել է, որ նոր զինատեսակը` «Վիտյազ» անունով համակարգը С-300-ից մի քանի անգամ ավելի հզոր կլինի։ «Վիտյազը» կունենա 16 հրթիռ, մինչդեռ С-300-ը միայն 4 հրթիռ ունի։

Ադրբեջանում С-300-ների հայտնվելը բավական խանդով էր ընդունվել հայաստանյան քաղաքական շրջանակներում, ինչից հետո հայ զինվորականները ստիպված էին հանրությանը հիշեցնել, որ Հայաստանն էլ այդօրինակ զենք ունի։

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանին տվյալ պահին այդքան էլ հարկավոր չեն գերժամանակակից С-400 կամ С-500 համալիրները, ինչը պայմանավորված է հանրապետության տարածքի, մակերեւութապատկերի եւ աշխարհագրական դիրքով։ Նրա խոսքով` այն, ինչ կա` С-300-ը միանգամայն բավարար է երկրի պաշտպանության համար։

«С-300-ները զինատեսակի շատ «բազմանդամ» ընտանիք է, С-400-ը, եթե տեխնիկական լեզվով խոսենք, С-330-ի զարգացումն է` մոդիֆիկացիան, իսկ քանի որ արդեն նախանշվում է նաեւ С-500-ի արտադրությունը, շղթան շատ է երկարում, ուստի, հին մոդելների արտադրության կարիք այլեւս չկա»,- պարզաբանել է Արծրուն Հովհաննիսյանը։

Փորձագետի կարծիքով, Հայաստանի օդային պաշտպանության ստորաբաժանումների կատարելագործման գործընթացում С-300 կամ С-400, առավել եւս С-500 համակարգերը առանձնապես մեծ տեղ չունեն։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանն էլ ստիպված կլինի միջոցներ հայթայթել նոր զինատեսակների համար, եթե դրանք ձեռք բերի նավթադոլարների մեծ եկամուտ ունեցող հարեւան Ադրբեջանը` փորձագետ Հովհաննիսյանն ասել է, որ С-300 կայանքները եւ դրա հետագա մոդիֆիկացիաները պաշտպանական զենք են։

«Դա իրենց գործն է: Սակայն պետք է ասել, որ հարեւան երկիրը միայն մեզ հետ չէ, որ խնդիր ունի։ Մի մտածեք, թե Ադրբեջանը այդ համակարգը գնել է Հայաստանից կամ Արցախից պաշտպանվելու համար։ Ապշերոնի թերակղզին ունի հարթավայրային բավական մեծ տարածքներ, որոնք պաշտպանելու համար նրանց ձեռք բերած երկու համակարգը նույնիսկ քիչ է»,- ասել է ռազմական փորձագետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG