Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը խոսում է քաղաքական նոր իրավիճակի մասին


ՀԱԿ-ի հուլիսի 30-ի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում
ՀԱԿ-ի հուլիսի 30-ի հանրահավաքը Երեւանի Ազատության հրապարակում
Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) արձանագրում է, որ երկխոսության ընթացքում իշխանությունները պատանդներ են վերցնում: Այդ մասին հայտարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` դիմելով ուրբաթ ուշ երեկոյան Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի մոտ հավաքվածներին:

«Սա նշանակում է, որ ավազակապետությունը ընդունում է, որ իր համար երկխոսության լեզուն ոչ միայն ընդունելի չէ, այլեւ ինքը երկխոսության լեզվով խոսելու ընդունակություն առանձնապես չունի, եւ մենք դա տեսանք այդ երկխոսության չորս ռաունդների ընթացքում», - ասաց Փաշինյանը` հավելելով. - «Հայ ազգային կոնգրեսը իր բոլոր փաստարկները` այն, ինչ որ ասում է քաղաքական հավաքների ժամանակ, այն, ինչ որ երեք տարի ասվում էր, փաստաթղթավորված դրվեց այդ երկխոսության սեղանին, բանակցությունների սեղանին: Իշխանությունը դրան պատասխանում է պատանդներ վերցնելով»:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով էլ` մինչեւ կոալիցիայի աշխատանքային խմբի հետ առաջիկա հանդիպումը, որը նախանշված է առաջիկա երեքշաբթի, Կոնգրեսը որոշում կկայացնի` շարունակելո՞ւ է արդյոք երկխոսությունը:

«Երկխոսության ճակատագրի մասին կիմանաք շատ շուտ, որովհետեւ մենք, ի վերջո, այս նոր քաղաքական իրավիճակը պետք է քննարկենք: Մենք կքննարկենք եւ մեր վճիռը կկայացնենք», - հայտարարեց Զուրաբյանը:

Մինչեւ ուշ գիշեր Հայ ազգային կոնգրեսի ղեկավարները, մի քանի տասնյակ համակիրներ բողոքի ակցիա էին անցկացնում դատարանի շենքի առջեւ` սպասելով ՀԱԿ-ի ձերբակալված 7 ակտիվիստների վերաբերյալ որոշմանը:

Նախաքննական մարմինը ուրբաթ օրը մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր երիտասարդներից 4-ին: Տիգրան Առաքելյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի երեք հոդվածների` խուլիգանություն, իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր եւ վտանգավոր բռնություն գործադրելու հատկանիշներով, Արտակ Կարապետյանը մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ, իսկ Սարգիս եւ Վահագն Գեւորգյանների նկատմամբ քրեական գործ հարուցվեց խուլիգանության հոդվածով: Կեսգիշերին մոտ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալներից 3-ի` Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի եւ Սարգիս Գեւորգյանի նկատմամբ խափանման միջոց սահմանեց երկամսյա կալանքը, մերժելով միայն Վահագն Գեւորգյանին կալանավորելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը:

Փաստաբան Հովիկ Արսենյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ սահմանված հնգօրյա ժամկետում վճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարանում:

Փաստաբանի խոսքով` նախաքննական մարմինը չի կարողացել մեղքի անհատականացում կատարել, մասնավորապես, Արսենյանի համոզմամբ, Սարգիս եւ Վահագն Գեւորգյաններին առաջադրված խուլիգանության մեղադրանքը ամբողջովին անհիմն է. - «Նրանք նկատելով, որ այն երկուսի նկատմամբ ոստիկանության աշխատակիցները ֆիզիկական բռնություն են գործադրում, ընդամենը վազել են, որպեսզի թույլ չտան, որ ծեծի ենթարկեն, բռնության ենթարկեն` օգնեն իրենց ընկերներին: Ոստիկանության աշխատակիցների կողմից նրանք էլ ուժի գործադրմամբ տապալվել են գետնին եւ հետագայում բերման ենթարկվել ոստիկանություն: Եվ խոսել այն մասին, որ նրանք կատարել են չարամիտ խուլիգանություն` բացարձակապես տեղին չէ»:

Մյուս 4 ակտիվիստները` Արեգ Գեւորգյանը, Դավիթ Քիրամիջյանը, Սահակ Մուրադյանը եւ Վահագն Գեւորգյանը, ձերբակալության 72 ժամը չլրացած` ստորագրությամբ ազատ արձակվեցին եւ միացան դատարանի մոտ հավաքվածներին:

«Մռայլ օրը մի քիչ լուսավորվեց, հույս ունենք` դեռ էլի կլուսավորվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը` հավելելով. - «Մենք երեք տարի տասնյակ քաղբանտարկյալներ ենք տեսել, հետապնդումներ ենք տեսել` մեզ հնարավոր չէ կանգնեցնել: Մենք մինչեւ վերջ պայքարելու ենք հանուն արդարության»:

Ազատ արձակված երիտասարդները առայժմ ձեռնպահ են մնում մեկնաբանություններից, շաբաթ օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ առաջիկայում կներկայացնեն Կարապի լճի տարածքում տեղի ունեցածը` որպես ականատեսներ եւ մասնակիցներ:

Արեգ Գեւորգյանը միայն անցած գիշեր կարճ խոսքով դիմեց դատարանի շենքի մոտ հավաքվածներին` ասելով. - «Անկախ այս տիպի էժանագին, իշխանության կողմից, փորձերից` կանգեցնել մեզ, վախեցնել մեզ, մենք պայքարելու ենք մինչեւ վերջ»:

Ի պատասխան օգոստոսի 9-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի իրենց վարկածը ներկայացնելու` «Ազատություն» ռադիոկայանի խնդրանքի, փաստաբան Հովիկ Արսենյանը ասաց. - «Ոստիկանության վարկածն է, որ ինչ-որ շուն պահողի դիտողություն են արել ոստիկանները, թե դնչկալը ինչո՞ւ չկա շան վրա, բայց պաշտպանական կողմի վարկածն էլ այլ է եւ հիմնավոր` որ ընդամենը ոստիկանության աշխատակիցները փողոցում փորձել են անձին խուզարկության ենթարկել, եւ [ՀԱԿ-ի ակտիվիստները] մոտեցել, ընդամենը ասել են` «մեզ էլ ընթերակա գրեք»: Եվ կոպիտ արտահայտությունների արդյունքում, ահա, երկկողմանի ընդվզումը տեղի է ունեցել»:

Արսենյանի խոսքով` ոստիկանապետը պետք է ծառայողական քննություն նշանակի` պարզելու, թե ինչո՞ւ են հատկապես Կենտրոն վարչական տարածքում այդքան հաճախակի միջադեպերը հասարակական կարգի պահապանների մասնակցությամբ:

«Ավելի քան մեղավոր են հասարակական կարգի պահապանները: Վերջին հաշվով, նրանք ուղարկվել են հասարակական կարգ պահպանելու, եւ յուրաքանչյուր անգամ հասարակական կարգի պահապանը կոպիտ վերաբերվի քաղաքացու նկատմամբ` անմիջապես գրգռող հանգամանք է, որը կբերի նաեւ սադրանքի: Եվ խնդրեմ` ահավասիկ փաստը», - ընդգծեց փաստաբանը:

ՀԱԿ-ը խոսում է քաղաքական նոր իրավիճակի մասին
ՀԱԿ-ը խոսում է քաղաքական նոր իրավիճակի մասին
please wait

No media source currently available

0:00 0:05:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG